Այս պահի դրությամբ Կութ և Շորժա գյուղերը շրջապատված են ադրբեջանցի զինվորականներով, այդքան խորացել է ադրբեջանական կողմը. Բագրատյան (տեսանյութ)
Այսօր մեր սահմանապահներին արգելված է կրակել, մեր սահմանապահը անգամ տեղյակ չէ, որ սահմանը պահող է, քանի որ ադրբեջանցին թղթերը ձեռքը գալիս ու ասում է, որ սա մեր հողն է, դու ինչո՞ւ ես այստեղ կանգնած: Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Այս պահի դրությամբ Գեղարքունիքի մարզի Կութ և Շորժա գյուղերը շրջապատված են ադրբեջանցի զինվորականներով, այդքան խորացել է ադրբեջանական կողմը և կան հատվածներ, որտեղ Ադրբեջանական սահմանից Հայաստան մոտ 18 կմ ճանապարհ է, և եթե Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին ընտրվի, բոլորիդ ցույց կտա այն փաստաթղթերը, որոնք ստորագրելու է, և մենք կտանք 6 գյուղ»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Նա նաև անդրադարձավ Աբովյանի դիահերձարանի նկուղում պահվող հայ զինվորների դիերին:
«Մենք խոսում ենք Աբովյանի դիահերձարանից, բայց չեք պատկերացնի, թե ինչ իրավիճակ է Մեծամորում, չէի կարող պատկերացնել, որ ինձ մոտ «ֆուռ» բառը կարող է ասոցացվել հայ պատանիների դիերի հետ»,- նշեց նա:
Նախկին վարչապետը նաև անդրադարձավ հունիսի 20-ին սպասվող արտահերթ ընտրություններին և հետագա ներքաղաքական ակնկալվող իրավիճակին:
«Նախ դրանից հետո մենք կդադարենք հողեր տալ, եթե մենք էլի տանք Արցախից հատված, ապա մեր վերջը կգա և հետո ադրբեջանական ԶՈՒ-ին կառաջարկվի 72 ժամում լքել ՀՀ տարածքը»,- ասաց Հրանտ Բագրատյանը:










