«ԱՄՆ-ն շինծու պատրվակով դուրս է եկել պայմանագրից, ինչը խաթարել է մասնակից երկրների շահերի հավասարակշռությունը». Պուտինը «Բաց երկնքի մասին» պայմանագրից ՌԴ-ի դուրս գալու մասին օրենք է ստորագրել

12:37 • 07.06.21

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Բաց երկնքի մասին» պայմանագրի դենոնսացիայի մասին օրենք (Պետության կողմից որևէ գործողություն դադարեցնելու կամ համաձայնագրից հրաժարվելու հայտարարություն), հաղորդվում է Կրեմլի կայքում:

«Դաշնային օրենքով դենոնսացվում է Բաց երկնքի մասին պայմանագիրը, որը ստորագրվել է Հելսինկիում 1992 թ. մարտի 24-ին և վավերացվել է Ռուսաստանի Դաշնության կողմից 2001 թ. մայիսի 26-ին:

Պայմանագիրը նպաստել է ռազմական ոլորտում վստահության զգալի աճին:

Ռուսաստանը զգալի ներդրում է ունեցել պայմանագրի իրականացման գործում, ամեն տարի հյուրընկալել և իրականացրել է ամենամեծ թվով դիտորդական թռիչքները, ինչպես նաև առաջինն է ստեղծել և սկսել օգտագործել դիտարկման թվային սարքավորումներ:

Միացյալ Նահանգները շինծու պատրվակով դուրս է եկել պայմանագրից, ինչը զգալիորեն խաթարել է պայմանագրի մասնակից պետությունների շահերի հավասարակշռությունը: Այսպիսով՝ լուրջ վնաս է հասցվել պայմանագրի համապատասխանությանը և դրա նշանակությանը վստահության և թափանցիկության ամրապնդման գործում և սպառնալիք է առաջացրել Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության համար:

Այս հանգամանքների կապակցությամբ որոշում է կայացվել ՌԴ-ի՝ պայմանագրից դուրս գալու մասին»,- ասվում է օրենքի տեքստում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել էր, որ չեղյալ հայտարարելու մասին օրենքը նախագահին է ուղարկվել Դաշնային խորհրդից: Միևնույն ժամանակ, Կրեմլի խոսնակը հերքել էր այն կարծիքը, թե Ռուսաստանի՝ պայմանագրից դուրս գալը կարող է սրել Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի հարաբերություններն այդ երկրների նախագահների Ժնևյան գագաթնաժողովին ընդառաջ:

«Չգիտեմ, բայց ի՞նչ կա այստեղ սրելու: Այստեղ սրելու բան չկա: Իրավիճակը նյարդային չէ»,- ասել էր Պեսկովը:

«ԱՄՆ-ն շինծու պատրվակով դուրս է եկել պայմանագրից, ինչը խաթարել է մասնակից երկրների շահերի հավասարակշռությունը». Պուտինը «Բաց երկնքի մասին» պայմանագրից ՌԴ-ի դուրս գալու մասին օրենք է ստորագրել