Տեխնիկակա՞ն, թե՞ քաղաքական որոշում․ The National Interest-ը` C-400-ի ռուս տեխնիկների անձնակազմի` Թուրքիայից ՌԴ վերադարձի մասին
Ռուսական C-400 հակաօդային պաշտպանության կայանների տեխնիկական անձնակազմը Թուրքիայից վերադառնում է տուն, հայտնում է The National Interest-ը՝ առաջ քաշելով հարցն այն մասին, թե ինչ նպատակով են թուրքական անձնակազմին վերապատրաստած ռուս տեխնիկները վերադառնում տուն․ արդյոք դա տեխնիկակա՞ն, թե՞ քաղաքական որոշում է։
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ միանգամայն սխալ է այդ քայլը որպես երկրից վտարում ներկայացնելը՝ հերքելով ԶԼՄ-ներում հրապարակվող այն տեսակետը, թե դա Թուրքիայի կողմից ԱՄՆ-ին ուղղված բարի կամքի դրսևորում է։ Նա նշել է, որ 2019 թվականին Ռուսաստանի Դաշնությունից C-400-ների գնումից ի վեր Վաշինգտոնն ու Անկարան դիվանագիտական տարաձայնությունների մեջ են։
«Մեր բոլոր մասնագետները, որոնք այնտեղ էին, ըստ ժամանակացույցի վերադառնում են տուն: Նրանք ավարտել են իրենց բոլոր աշխատանքները՝ թուրքական անձնակազմի վերապատրաստման ուղղությամբ», - նշել է Պեսկովը՝ պատասխանելով ԶԼՄ-ներում տարածված այն պնդմանը, թե Անկարան Վաշինգտոնի ճնշման տակ է վտարել ռուս տեխնիկներին։
Ավելի վաղ Bloomberg-ում լույս տեսած հոդվածում ասվում էր, որ Թուրքիան ռուս տեխնիկներին հետ է ուղարկում՝ հունիսի 14-ին ՆԱՏՕ առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում Էրդողան-Բայդեն հանդիպումից առաջ ի նշան փոխզիջման։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն անցյալ շաբաթ Աթենք կատարած այցի ընթացքում նշել էր, որ ռուս ռազմական փորձագետները Թուրքիայում չեն մնա և C-400 համակարգերը կանցնեն Թուրքիայի լիակատար վերահսկողության տակ։










