Ամերիկուհին, չիմանալով իր հաշվին 884 000 դոլարի չափով ժառանգության մասին, մահացել է անօթևանների կացարանում (լուսանկար)
Միացյալ Նահանգների բնակչուհին, որի բանկային հաշվին մեծ գումար կա, մահացել է անօթևանների համար նախատեսված կացարանում, գրում է The New York Post-ը:
Նշվում է, որ Քեթի Բունը կյանքից հեռացել է 2020 թվականի հունվարին Օրեգոն նահանգի Աստորիա քաղաքում գտնվող անօթևանների կացարանում: Ինչպես հետո պարզվել է, նա մի քանի տարի ապրել է փողոցում: Այս ամբողջ ընթացքում կինը ժառանգության սեփականատեր է եղել, որն ընդհանուր առմամբ կազմել է 884 հազար դոլար:
Ծնողների ամուսնալուծվելուց հետո Բունը մոր հետ տեղափոխվել է Օրեգոն: Կնոջ մայրը կյանքից հեռացել է 2016 թվականին: Այդ ժամանակվանից ամերիկուհու հայրը փորձել է գտնել դստերը, որպեսզի կարողանա նրան փոխանցել ժառանգությունը: Սակայն թերթում տեղադրված գովազդները մնացել են անպատասխան, իսկ վարձու մասնավոր հետաքննողը չի կարողացել գտնել կնոջն այն դեպքում, երբ Աստորիայի բնակչությունը կազմում է ընդամենը մոտ 10 000 մարդ:
Որոնումը շարունակվել է մեկուկես տարի, բայց Բունին հնարավոր է եղել գտնել միայն նրա մահից հետո: Հաղորդվում է, որ կինը թմրանյութեր է օգտագործել և տառապել է հոգեկան խանգարումներից:
«Սա ինչ-որ անհեթեթություն է: Գումարը պարզապես բանկում է եղել, երբ նրան այն ամենից շատն էր անհրաժեշտ», - տեղական հեռուստաընկերության եթերում լրագրողներին ասել է կնոջ հայրը:
Ժառանգության ճակատագիրը կորոշվի մոտ ապագայում: Այն կարող են պահանջել Բունի երեխաները կամ հարազատները:











