Մենք չենք գալիս վենդետա անելու համար, մենք գալիս ենք մեր ժողովրդին հանգստություն բերելու համար,  մենք ասում ենք՝ ո՛չ վենդետային  և ասում ենք այո՛ արդարադատությանը. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

17:07 • 08.06.21

Իմ տպավորությամբ՝ մենք մի քիչ գերագնահատում էինք այն ազդեցությունը, որ թվում էր, թե ուներ այս իշխանությունը, ուղղակի կար ագրեսիվ փոքրմասնություն, որն իր ագրեսիվությամբ, չարությամբ օրակարգ պարտադրեր մեր ողջ ժողովրդին: Այս մասին ջերմուկցիների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:

Նա նշեց, որ ժողովուրդը շոկից դուրս է գալիս և օրակարգը թելադրողը այն հատվածն է, որը չի կարող անտարբեր մնալ տարածքային կորուստներին, զոհերին, վիրավորներին: Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ  ձևավորել են թիմ և այս թիմով պատրաստ են պատասխանատվություն ստանձնել և պատրաստ են երկիրը անդունդից հանել:

«Մենք պատրաստ ենք ստանձնել մեր ուսերին այդ պատասխանատվությունը և վստահ եղեք, եթե ես մի հարցի բեռի տակ մտել եմ, տարբերակ չկա նպատակին չհասնելու, ուղղակի ձև չկա: Մի գործի տակ եթե մտնում ես, ուրեմն «զադնի» չպետք է լինի, մենակ առաջ, առաջ դեպի հաղթանակ»,-ասաց նա:

Նա նշեց, որ կարող են ճնշումներ լինեն: «Մենք չենք գալիս վենդետա անելու համար, մենք գալիս ենք մեր ժողովրդին հանգստություն բերելու համար,  մենք չենք ընդունում վենդետաները, մենք ասում ենք՝ ո՛չ վենդետային  և ասում ենք այո՛ արդարադատությանը: Եթե իրենք ասում են, որ վենդետա են հայտարարելու բոլոր համայնքապետերին, ես ասում եմ, որ մենք համաներում ենք հայտարարելու բոլոր համայնքապնետերին, ում երկու տարի է քրեական գործերով 90 տոկոսով անհիմն են հետապնդում: Քաղաքական մահակ են ձևավորել և փորձում են այդ մահակը ձեռներին պահելով՝ համայնքապետներին պարտադրել կատարել իրենց՝ հիմնականում ապօրինի կամքը»,-ասաց նա:

Քաղաքացիները բարձրացրեցին պատերազմի ընթացքում վիրավորում ստացածների բուժման համար փոխհատուցում չստանալու հարցը, ինչին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ ա նշանակում է, որ պետական համակարգը չի աշխատում: Նա նշեց, որ գերատեսչությունները որ այդ հարցերով անմիջականորեն զբաղվեն, ղեկավարը լինելու է մարդ, ով անցել է այդ ճանապարհով և այդ ցավը ունի:

Ամուլսարի շահագործման վերաբերյալ նա նշեց, որ եթե փորձաքննությունը բացասական է, ուրեմն չպետք է հանքը աշխատի և պետք է հաշվի առնել բնակչության տրամադրությունները: «Մենք չենք կարող ձեզ բոլորին հանքափոր դարձնել»,-ասաց նա:

Մենք չենք գալիս վենդետա անելու համար, մենք գալիս ենք մեր ժողովրդին հանգստություն բերելու համար,  մենք ասում ենք՝ ո՛չ վենդետային  և ասում ենք այո՛ արդարադատությանը. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)