Այսօր բոլորս հայտնվել ենք «Հազարան բլբուլ» հեքիաթի հերոսի կարգավիճակում․ այդ հեքիաթում շատ կարևոր է, որ հերոսը չշեղվի և հետ չնայի, որ պահին հետ է նայում, քարանում է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Այսօր մեր ժողովուրդը, ՀՀ քաղաքացիները, մենք բոլորս հայտնվել ենք «Հազարան բլբուլ» հեքիաթի հերոսի կարգավիճակում։ Այս մասին Արագածոտնի մարզի Օշական համայնքում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց՝ այդ հեքիաթն ավարտվում է հետևյալ կերպ՝ երբ հերոսը բարձրանում է, բարձունքը հաղթահարում է, շատ կարևոր է, որ աղմուկ-աղաղակից չշեղվի և հետ չնայի, և որ պահին հետ է նայում, քարանում է։
«Այսօր մենք հաղթահարում ենք այդ բարձունքը՝ մեր նվիրական նպատակներին հասնելու, մեր պետության ինքնիշխանությունը, մեր քաղաքացիությունը, անկախությունը պահպանելու, պաշտպանելու և զարգացնելու համար։ Եվ այս դժվար բարձունքի հաղթահարման ճանապարհին մենք չպետք է շեղվենք, որովհետև այս ընթացքում մեզ փորձել են և շարունակում են փորձել շեղել, մենք հստակ պետք է գնանք բարձունքը հաղթահարելու ճանապարհով»,-ասաց նա՝ նշելով, թե այդ բարձունքի վերջում ՀՀ քաղաքացին պետք է հրապարակի իր դատավճիռը։
«Այն պետք է լինի արդար, ապագայի մասին, այդ դատավճռով պետք է արձանագրվի, որ ՀՀ-ում ապագա կա»,-հայտարարեց Փաշինյանը։










