«Անհասկանալի է մնում՝ արդյո՞ք ԱՄՆ-ն պատրաստ է հրաժարվել Թեհրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունից». Զարիֆ
Այս պահին անհասկանալի է մնում՝ արդյո՞ք ԱՄՆ-ն պատրաստ է հրաժարվել Թեհրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունից: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
«Անհասկանալի է մնում՝ արդյո՞ք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պատրաստ են թաղել Թրամփի առավելագույն ճնշման ձախողված քաղաքականությունը և դադարեցնել տնտեսական ահաբեկչության կիրառումը որպես հարկադրանքի լծակ»,- գրել է Զարիֆը:
Զարիֆի խոսքով` «Իրանը կատարում է միջուկային գործարքի դրույթները»: «Ժամանակն է, որ ԱՄՆ-ն փոխի իր ուղղությունը»,-ավելացրել է նա:
2015 թվականին միջնորդ «վեցյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանի միջև կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որը ենթադրում է պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց՝ որպես Թեհրանի կողմից միջուկային զենք չստանալու երաշխավորություն, երեք տարի էլ գոյություն չունեցավ. 2018-ի մայիսին Թրամփի գլխավորած ԱՄՆ-ն հայտարարել էր դրանից միակողմանի դուրս գալու և Թեհրանի դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին:
Իրանը 2019 թվականին՝ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց ուղիղ մեկ տարի անց, հայտարարել է համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով 2020 թվականի սկզբին միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների, ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:










