«ԼՂ-ում արյունահեղությունը դադարեցնելուց հետո մենք աջակցում ենք այնտեղ խաղաղ կյանքի վերականգնմանը»․ Լավրով

14:21 • 09.06.21

Ռուսաստանը միշտ պատրաստ է օգնել այն երկրներին, որոնք ունեն ՌԴ-ի օգնության կարիքը և դա չի արվում համաշխարհային քաղաքականության մեջ ինքնահաստատվելու համար, «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Համաշխարհային քաղաքականության մեջ մենք ո՛չ թերարժեքության, ո՛չ էլ լիարժեքության բարդույթ ունենք։ Բայց մենք միշտ պատրաստ ենք օգնել այն երկրներին, որոնք զգում են մեր օգնության կարիքը։ Դա մեր պատմական առաքելությունն է»,- հայտարարել է Լավրովը։

Ռուսաստանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակելու է ակտիվորեն աջակցել միջազգային հակամարտությունների լուծմանը:

«Մենք աշխատում ենք Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելուց հետո  աջակցում ենք այնտեղ խաղաղ կյանքի վերականգնմանը, մենք ակտիվորեն աջակցում ենք նաև Աֆղանստանում, Լիբիայում, Իրանի շուրջ, Կորեական թերակղզում և շատ այլ թեժ կետերում հակամարտությունների կարգավորման միջազգային ջանքերին»,- հավելել է Լավրովը։

Նշենք, որ նույն խորհրդաժողովի ժամանակ Լավրովը նաև հայտարարել էր, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացմամբ շահագրգռված են նաև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, որոնց կարծիքը բանակցային գործընթացում նույնպես պետք է հաշվի առնվին»։

«ԼՂ-ում արյունահեղությունը դադարեցնելուց հետո մենք աջակցում ենք այնտեղ խաղաղ կյանքի վերականգնմանը»․ Լավրով