Տպավորություն է, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը այլ ՀՀ է տեսնում, քան ամբողջ հանրությունը․ դրա գործողություններն առնվազն կանխակալ վերաբերմունքի էական ռիսկեր են պարունակում․ Ա․ Վարդևանյան (տեսանյութ)

18:03 • 09.06.21

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացրած հաշվետվությունում ոչ մի բառ չկար ՀՀ-ում տիրող իրական իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

«Մեր կողմից հատուկ ընդգծվեց, որ, հաշվի առնելով, թե քարոզարշավը մեկնարկելուց հետո ինչ աստիճանի ատելության խոսք է գեներացվում ներկայիս ժամանակավոր իշխանության կողմից, դրան ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը պետք է արձագանքի, այդ թվում՝ արտահերթ զեկույց ներկայացնելով։ Ստացանք պատասխան, որ նման գործողություն չի նախատեսվում կատարել։ Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի գործողություններն առնվազն կանխակալ վերաբերմունքի էական ռիսկեր են պարունակում և այս փուլում խիստ մտահոգիչ են»,-ասաց նա՝ նշելով, թե պատշաճ դիտորդական առաքելություն իրականացնելու տեսանկյունից այս ժամանակահատվածում առկա տեղեկատվությունը ծայրահեղ մտահոգիչ է։

«Բոլոր խախտումները՝ սկսած վարչական ռեսուրսի չարաշահումից մինչև ատելության խոսք, ոչ միայն հրապարակային են, այլև մենք ենք փոխանցում իրենց, բայց, փաստորեն, տպավորություն է, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը այլ Հայաստան է տեսնում, քան ՀՀ ամբողջ հանրությունը»,-ասաց նա։

Ըստ Վարդևանյանի՝ վերջին շրջանում ակնհայտ է վարչական ռեսուրսի կիրառումը ոստիկանական ուժերի առումով․ «Վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը մեկնել է արձակուրդ, իսկ արձակուրդի ժամանակ նա մեկ երաշխիքից օգտվելու հնարավորություն ունի՝ ՊՊԾ աշխատակիցների գործունեությունը։ Ոստիկանական ուժերը ոչ մի առնչություն չունեն այդ հարցի հետ։ Բայց այսօր ստանում ենք տեղեկություն, որ, օրինակ, գեներալ-գնդապետ Օհանյանը մեկնում է Գյումրի, և ճանապարհները փակում են ոստինանները՝ զուտ այն պատճառով, որ այնտեղ է գտնվում Նիկոլ Փաշինյանը․ սա ինչ է, եթե ոչ վարչական ռեսուրսի չարաշահում»,-ասաց նա։

Վարդևանյանը նաև հայտնեց, որ մեկ այլ խնդիր էլ կա Անձնագրային և վիզաների վարչության աշխատանքի դեպքում։ «Վերջինս մի դեպքաում Արցախից ժամանած քաղաքացիներին տրամադրում է տեղեկանք՝ ընտրություններին մասնակցելու համար, մեկ այլ դեպքում մերժում է»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ վենդետա անելու հայտարարություններին, Վարդևանյանն ասաց․ «Այս իշխանությունները փորձում էին իրենց ներկայացնել իբրև քրեական ենթամշակույթի դեմ պայքարող, թող ուսումնասիրեն՝ վենդետա բառն ինչի հետ առնչություն ունի»,-ասաց նա։

Դիտարկմանն էլ, թե ատելության մթնոլորտի համար մեղադրում են նաև ընդդիմությանը, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչն ասաց․ «Լարվածության պատասխանատվությունը գտնվում է բացառապես մի խումբ անձանց գործողությունների տիրույթում։ Ընդդիմության պատասխանատվությունը մեկ հանգամանքով է պայմանավորված՝ վարկանիշը սրընթաց բարձրանում է»,-ասաց նա։

Տպավորություն է, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը այլ ՀՀ է տեսնում, քան ամբողջ հանրությունը․ դրա գործողություններն առնվազն կանխակալ վերաբերմունքի էական ռիսկեր են պարունակում․ Ա․ Վարդևանյան (տեսանյութ)