«Ովքե՞ր են նրանք, որ թելադրեն՝ ինչն է լավ և ինչն է վատ, եթե հենց իրենք են մաքուր չարիք». Թրամփը երկրներին կոչ է արել բոյկոտել Twitter-ը և Facebook-ը

10:37 • 09.06.21

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել երկրներին բոյկոտել Twitter և Facebook սոցիալական ցանցերը՝ խոսքի ազատությունը սահմանափակելու համար: Այս մասին հաղորդում է Sputnik International-ը՝ նշելով, որ Սպիտակ տան նախկին ղեկավարը հայտարարություն էր տարածել, որում շնորհավորել է Նիգերիային Twitter-ն արգելափակելու համար, և կարծիք էր հայտնել, որ ավելի շատ երկրներ պետք է հետևեն այդ օրինակին:

«Ովքե՞ր են նրանք, որ թելադրեն՝ ինչն է լավ և ինչն է վատ, եթե հենց իրենք են մաքուր չարիք: Ես դա պետք է անեի, երբ դեռ նախագահ էի: Բայց Ցուկերբերգը շարունակում էր զանգել ինձ, ընթրիքի համար գալ Սպիտակ տուն և ասել, թե որքան լավն եմ», - ասված է հայտարարության մեջ:

Տեքստի վերջում Թրամփը նշել է «2024՞»՝ նման ձևով ակնարկելով հնարավոր երկրորդ նախագահական ժամկետի մասին:

Հիշեցնենք՝ հունիսի 6-ին Թրամփը մեղադրել էր Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին ազատ խոսքի մասին օրենքները խախտելու համար և քննադատել էր սոցիալական ցանցում իր օգտահաշվի սառեցումը:

ԱՄՆ նախկին առաջնորդի հաշիվը կասեցվել էր երկու տարով այն բանից հետո, երբ նրա կողմնակիցները ներխուժել էին Կապիտոլիումի շենք: Այդ ժամանակ Facebook-ը Թրամփին մեղադրել էր ատելություն սերմանելու համար: 

 

 

 

«Ովքե՞ր են նրանք, որ թելադրեն՝ ինչն է լավ և ինչն է վատ, եթե հենց իրենք են մաքուր չարիք». Թրամփը երկրներին կոչ է արել բոյկոտել Twitter-ը և Facebook-ը