G7-ի երկրների ղեկավարներն իրենց աջակցությունը կհայտնեն Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների անցկացմանը. Bloomberg
G7-ի («Մեծ յոթնյակ») երկրների ղեկավարները, ինչպես սպասվում է, Մեծ Բրիտանիայում հունիսի 11-ին կայանալիք գագաթնաժողովում կհայտարարեն, որ աջակցում են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀԾ) շուրջ բանակցությունների անցկացմանը, հաղորդում է Bloomberg-ը։
Գործակալության լրագրողների տրամադրության տակ է հայտնվել G7-ի երկրների ղեկավարների ամփոփիչ համատեղ հայտարարության նախագծը, որում, ըստ Bloomberg-ի, ասված է՝ «Մեծ յոթնյակ»-ը «ողջունում է 2015 թվականին Իրանի հետ կնքված միջուկային գործարքին վերադառնալու վերաբերյալ վերջին բանակցությունները»։
Միևնույն ժամանակ, գագաթնաժողովի մասնակիցները մտադիր են հայտարարել, որ «դատապարտում են Իրանի կողմից վերահսկվող ուժերի և ոչ պետական զինված կազմավորումների ֆինանսավորումը»:
2015 թվականի հուլիսի 14-ին «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հաստատման մասին:
2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն հայտարարել է դրանից միակողմանի դուրս գալու և իսլամական հանրապետության դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին:
Իրանը մայիսի 8-ին հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մի շարք կետերի կատարման դադարեցման մասին։
Տարեսկզբին իշխանության գալով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմից հայտարարել է ԳՀՀԾ-ին վերադառնալու պատրաստակամության մասին։
Նշենք, որ ԳՀՀԾ-ի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններն ընթանում են վերջին մի քանի շաբաթներին՝ Վիեննայում։
Նշենք նաև, որ Մեծ Բրիտանիայի Քորնուոլ քաղաքում G7-ի գագաթաժողովը տեղի կունենա հունիսի 11-13-ին։










