Հս․ Կորեայի առաջնորդը նիստին ներկայացել է զգալիորեն նիհարած տեսքով՝ կրկին բորբոքելով առողջական լուրջ խնդիրներ ունենալու մասին խոսակցությունները (լուսանկարներ)
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը զգալիորեն նիհարել է՝ կրկին բորբոքելով առողջական լուրջ խնդիրներ ունենալու մասին խոսակցությունները, գրում է The Guardian-ը։
Պարբերականի հաղորդմամբ՝ Կիմ Չեն Ընը Կորեայի աշխատավորական կուսակցության նիստի ժամանակ արված լուսանկարներում, որոնք օրերս հրապարակել են հյուսիսկորեական լրատվամիջոցները, ԿԺԴՀ-ի առաջնորդը զգալիորեն նիհարած տեսք ունի։
Մի շարք ԶԼՄ-ներ, այդ թվում՝ հյուսիսկորեական լուրերի մեկնաբան NK News-ը, գրում են՝ Կիմ Չեն Ընը, հավանաբար, «զգալիորեն քաշ է գցել»։
Ընդ որում, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի քաղաքագետ Վիպին Նարանգը նշել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հնարավոր է՝ գիտակցաբար է որոշել նիհարել՝ «իմիջը բարելավելու համար», սակայն եթե նրա քաշի կորուստը կապված է առողջական խնդիրների հետ, ապա ԿԺԴՀ-ում, քաղաքագետի կարծիքով, արդեն իսկ երկրի առաջնորդի պաշտոնը զբաղեցնելու համար անդրկուլիսյան պայքար է սկսվել։
Ինչպես նշում է The Guardian-ը, Կիմ Չեն Ընի առողջությունը վաղուց է շահարկումների առարկա դարձել։ Դեռևս 2014 թվականին ԿԺԴՀ-ի առաջնորդը վեց շաբաթ բացակայությունից հետո հանրային միջոցառմանը ներկայացել էր ձեռնափայտով: Ավելի ուշ Հարավային Կորեայի հետախուզական գործակալությունը հայտնել էր, որ Կիմ Չեն Ընը ոտքի վիրահատության է ենթարկվել։
Անցյալ տարվա գարնանը Հյուսիսային Կորեայի առաջնորդի երեքշաբաթյա բացակայությունը նույնպես բորբոքել էր առողջական լուրջ խնդիրներ ունենալու մասին խոսակցությունները։












