G7-ի առաջնորդներն ԱՀԿ-ին կոչ են անելու կորոնավիրուսի ծագման վերաբերյալ նոր հետաքննություն անցկացնել

13:25 • 10.06.21

Մեծ յոթնյակի առաջնորդները կոչ են անելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (WHO) կորոնավիրուսային վարակի ծագման վերաբերյալ նոր հետաքննություն անցկացնել, հայտնում է The Guardian-ը և հավելում, որ նախաձեռնության հեղինակն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն է։

Նախագծի համաձայն, որը հայտնվել է լրատվամիջոցների տրամադրության տակ, Մեծ յոթնյակի անդամ պետությունների առաջնորդները կոչ են անելու «նոր, թափանցիկ հետաքննություն անցկացնել կորոնավիրուսի ծագման վերաբերյալ»։

Մեծ Բրիտանիայում անցկացվելիք գագաթնաժողովի ընթացքում նաև որոշում է կայացվելու աշխարհի չափահաս բնակչության 80 տոկոսին պատվաստելու համար հաջորդ տարի առնվազն 1 միլիարդ դեղաչափ պատվաստանյութ տրամադրել։

Գագաթնաժողովի ավարտից հետո հրապարակվելիք փաստաթղթի համաձայն՝ ԵՄ առաջնորդները, ԱՄՆ-ն, Կանադան, Ճապոնիան և Մեծ Բրիտանիան պարտավորվում են գործողություններ ձեռնարկել Չինաստանի Սինցզյան շրջանում մուսուլման ույղուրների նկատմամբ վատ վերաբերմունքի առնչությամբ։ Փաստաթղթում անդրադարձ կա նաև պատվաստանյութերի արտահանման հարցում ավելորդ առևտրային սահմանափակումներին, ինչպես նաև Ռուսաստանին կոչ է արվելու բռնել իր սահմաններում գտնվող խմբերին, որոնք վիրտուալ արժույթներ են օգտագործում՝ կիբերհարձակումներ իրականացնելու համար։