Իսրայելը դարձել է աշխարհում 1-ին երկիրը, որն արգելել է մորթու առևտուրը (լուսանկար)
Իսրայելը դարձել է աշխարհում 1-ին երկիրը, որն օրենսդրական մակարդակով արգելել է բնական մորթու վաճառքը: Այս մասին հունիսի 9-ին հայտարարել է էկոլոգիայի նախարար Գիլա Գամլիելը՝ համապատասխան հրամանագիրը ստորագրելուց հետո, գրում է korrespondent.net կայքը:
Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 6 ամսից՝ դեկտեմբերին: Այն չի տարածվում գիտական, կրթական և կրոնական կարիքների վրա:
«Ես արգելք եմ ստորագրել նորաձևության արդյունաբերությունում մորթու առևտրի վրա: Մորթու արդյունաբերությունը հարյուր միլիոնավոր կենդանիների ոչնչացման պատճառ է դարձել և կապված է անասելի դաժանության և տառապանքի հետ: Միասին, մենք Իսրայելի նորաձևության շուկան կդարձնենք ավելի էկոլոգիական և առավել մեղմ կենդանիների համար»,-գրել է նախարարը իր թվիթերյան էջում:
Կենդանիների պաշտպանության PETA կազմակերպությունը փաստաթուղթն անվանել է «պատմական հաղթանակ»:
Միևնույն ժամանակ, The Times Of Israel- ը, հղում տալով հրամանագրի քննադատներին, այն անվանում է «անատամ» և «խորհրդանշական», քանի որ այն չի տարածվում մորթու վաճառքի վրա կրոնական նկատառումներով:
Մասնավորապես, շարունակվելու է թույլատրվել շտրայմլների գնումը, գլխարկներ, որոնք ծայրահեղ ուղղափառ հրեաները կրում են տոներին և հատուկ առիթներին:











