2018-ից անընդհատ ասում էինք, որ ՀԴՄ կտրոն ուզելը կապ ունի բանակի, զինվորի հետ, հիմա էլ ենք դա ասում․ Նիկոլ Փաշինյան

14:40 • 10.06.21

Մենք անցել ենք աղետի միջով, բայց չենք քանդվել, ամուր մնացել ենք մեր դիրքերում։ Այսօրվա քաղաքական իրավիճակի առանձնահատկությունը և տարբերությունը 2018-ից հետևյալն է՝ այն ժամանակ մենք էինք ձեզ «դուխ» տալիս, հիմա դուք եք մեզ «դուխ» տալիս։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Ստեփանավանում կայացած քարոզարշավի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա անդրադարձավ ԶՈւ բարեփոխումներին՝ նշելով․ «Բանակում ծառայողն ուրիշ գործով չպետք է զբաղվի, միակ գործը, որով ինքը պետք է զբաղվի, պետք է լինի մարտունակության բարձրացումը, մարտավարական և ռազմավարական գիտելիքների մեծացումը, զենք-զինամթերքին տիրապետելու հմտությունների կատարելագործումը»,-ասաց նա, ապա խոսեց նաև ժամկետային զինծառայությունից։

«Այս ընթացքում մենք նաև որոշակի բարեփոխումների պետք է ենթարկենք ժամկետային զինծառայությունը, դրա մոդելի, ժամկետների համար պետք է կարևոր բարեփոխումներ իրականացնենք։ Այս առնչությամբ կան մի քանի մասնագիտական առաջարկներ, որոնցից մեկը կընտրենք լայն հանրային քննարկումների արդյունքում»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ են ասում, թե իրենք 2020-ից առաջ բաց չեն խոսել բանակցային գործընթացի իրադարձությունների մասին, ապա ընդգծեց, թե իրականում խոսել են, բայց ոչ ուղիղ, որովհետև ուղիղ խոսելը, իր խոսքով, կբերեր շատ ավելի բարդ հետևանքների։

«Բայց մենք 2018-ից անընդհատ խոսում էինք ՀԴՄ կտրոն պահանջելու կարևորության մասին, խոսում էին բյուջեի ելքերի ու մուտքերի համամասնությունը ճիշտ պահելու մասին, անընդհատ ասում էինք, որ ՀԴՄ կտրոն ուզելը կապ ունի բանակի հետ, զինվորի հետ, կապ ունի զինվորի հացի հետ, հիմա էլ ենք դա ասում, որովհետև անվտանգությունն առաջին հերթին բյուջե է, ծախսեր, պատշաճ աշխատավարձ այդ պրոֆեսիոնալ զինվորի համար, որովհետև, եթե ուզում ենք պրոֆեսիոնալ զինվոր, պիտի ունենանք նրան վայել աշխատավարձ, իսկ դրա համար մի տարբերակ կա՝ ՀՀ-ում տնտեսությունը լինի ակտիվ, մարդիկ աշխատեն, հարստանան և հարստացնեն»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

2018-ից անընդհատ ասում էինք, որ ՀԴՄ կտրոն ուզելը կապ ունի բանակի, զինվորի հետ, հիմա էլ ենք դա ասում․ Նիկոլ Փաշինյան