Մեծ Բրիտանիայի թագուհին հանգուցյալ ամուսնու 100-ամյակի պատվին նոր տեսակի վարդի թուփ է տնկել (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն իր հանգուցյալ ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի ծննդյան 100-ամյակի պատվին նոր տեսակի վարդ է տնկել:
Թագուհուն վարդը նվիրել է Թագավորական այգեգործական միությունը: Նա «Էդինբուրգի դքսի վարդը» (The Duke of Edinburgh Rose) որակել է «հիանալի» և շնորհակալություն հայտնել միությանը «շատ բարի» քայլի համար, հաղորդում է բրիտանական Express պարբերականը։
«Սա «Էդինբուրգի դքսի վարդ» անվանմամբ վարդ է՝ նրա ծննդյան 100-ամյակը նշելու համար, և այն նպատակ ունի հիշեցնելու բոլոր այն հիանալի գործերի մասին, որ նա արել է իր կենդանության օրոք», - ասել է կազմակերպության նախագահը և հավելել, որ վարդի վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է «Կենդանի ժառանգության հիմնադրամ»-ին, որպեսզի կարողանան ավելի շատ երեխաների օգնել։ Յուրաքանչյուր վարդը վաճառվելու է մոտ 4 դոլարով։
Նոր տեսակի վարդի թուփը տնկվել է Վինձոր ամրոցի այգու արևելյան կողմում։ Այն աճեցվել է Harkness Roses կազմակերպության կողմից՝ դքսի մահից հետո։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, արքայազնի մահվան մասին թագավորական ընտանիքը հայտնել է իր թվիթերյան էջում․ «Խոր ցավով Նորին Մեծություն թագուհին տեղեկացրել է իր սիրելի ամուսնու՝ Էդինբուրգի դքսի մահվան մասին: Նորին թագավորական մեծությունը կյանքից խաղաղ հեռացել է այսօր առավոտյան` Վինձորի ամրոցում»։
Արքայազնը մահացել է ապրիլին՝ 99 տարեկանում։
Արքայազն Ֆիլիպը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ միապետի ամենաերկարակյաց կողակիցն է համարվում:
Զույգն ամուսնացել է 1947 թվականին, երբ թագուհին ընդամենը 21 տարեկան էր, իսկ արքայազնը՝ թագավորական նավատորմի սպա:
Հիշեցնենք նաև, որ փետրվարին արքայազնը տեղափոխվել էր Լոնդոնի կենտրոնում գտնվող «Էդուարդ VII» մասնավոր հիվանդանոց, ապա սրտի վիրահատություն էր տարել Սուրբ Բարդուղիմեոսի հիվանդանոցում։ Արքայազնին հուղարկավորել են Վինձորի ամրոցի մատուռում։













