ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ապօրինի ներգաղթյալների թիվը վերջին 20 տարվա ընթացքում հասել է ռեկորդային մակարդակի (տեսանյութ)

11:00 • 10.06.21

ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ապօրինի ներգաղթյալների թիվը վերջին 20 տարվա ընթացքում հասել է ամենաբարձր մակարդակին, գրում է BBC-ն:

ԱՄՆ մաքսային և սահմանային վերահսկողության ծառայության տվյալների համաձայն՝ միայն մայիսին ծառայությունը հայտնաբերել և բերման է ենթարկել 180 034 գաղթականի, որոնց մեծ մասը չափահասներ են եղել: Այս թիվն ավելին է ապրիլին հայտնաբերված 178 854-ի և մարտին հայտնաբերված 172 000-ի համեմատ:

Թիվն ամենամեծ ամսական ցուցանիշն է 2000 թվականի ապրիլից ի վեր:

Ինչ վերաբերում է երեխաներին, ապա սահմանային գործակալությունը հայտնել է, որ իր խնամակալության տակ հայտնվող երեխաների միջին օրական թիվը հասել է 640-ի: Բացի այդ, գաղթական երեխաներ են պահվում նաև ԱՄՆ առողջապահության վարչությունում: Նրանց թիվը հասնում է 16 200-ի:

Նշենք, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենն ավելի մեղմ քաղաքականություն է վարում ներգաղթյալների նկատմամբ, քան իր նախորդը՝ Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ապօրինի ներգաղթյալների թիվը վերջին 20 տարվա ընթացքում հասել է ռեկորդային մակարդակի (տեսանյութ)