Իշխանությունը մարզպետարանների միջոցով պետական միջոցներն  օգտագործում է քաղաքական նպատակներով․ «Հայաստան» դաշինքը դիմել է Գլխավոր դատախազին (տեսանյութ)

18:04 • 11.06.21

Այսօր տեղեկություն ստացանք այն մասին, որ ներկայիս իշխանությունը մարզպետարանների միջոցով որոշել է օգտագործել պետական բյուջեի միջոցները նեղ, քաղաքական, պրիմիտիվ նպատակներով։ Ըստ հրապարակման՝ կնքվում են քաղաքացիաիրավական պայմանագրեր ՔՊ-ի ներկայացուցիչների, շտաբի պատասխանատուների հետ՝ քողարկելով դրանք մարզպետարանների հետ ծառայությունների մատուցման պայմանագրերով։  Այս մասին «Հայաստան» դաշինքի անդամների ճեպազրույցի ընթացքում ասաց դաշինքի շտաբի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։

Վերջինս ընդգծեց, որ իրենք հայտարարությամբ են հանդես եկել այս դեպքի վերաբերյալ և ուղղակիորեն խնդրել են Գլխավոր դատախազին այս հարցը դարձնել քննության առարկա։

«Սա վարչական ռեսուրսի օգտագործման դասական դրսևորում է։ Մենք ստացել ենք նաև տեղեկություններ, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի այցից հետո 10-ից ավելի ոստիկանական ավտոբուսներ լքում Վանաձոր քաղաքը։ Փաշինյանը գտնվում է արձակուրդում։ Արձակուրդում գտնվող  բարձրաստիճան անձը չի կարող ունենալ նման ոստիկանական ռեսուրսի անհրաժեշտություն։ Ընդ որում՝ ոստիկաններից շատերը լինում են քաղաքացիական համազգեստով։ Սա արվում է բյուջեի հաշվին»։

Վարդևանյանը հրավիրեց ՀՀ-ում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը, մասնավորապես ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ՝ ընդգծելով , որ արևմտյան երկրների դեսպանատները որևէ կերպ չեն արձագանքում այդ դեպքին։

«Մյուս կարևոր հանգամանքը, որ ցանկանում եմ  նշել, այն է, որ կառավարության շենքի առջև տեղի էր ունեցել ակցիա և մի շարք երիտասարդներ, որոնց թվում եղել են «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուներ, ապօրինաբար բերման են ենթարկվել և նրանց նկատմամբ ֆիզիկական, անհամաչափ ուժ է կիրառվել։ Մենք տեղյակ ենք պահել ոստիկանությանը և կրկնում ենք՝ եթե նման դեպք կրկնվի, դրան մեր կողմից կլինի լրիվ այլ արձագանք։

Վարդևանյանը նշեց, որ տեղեկություն կա մեկ այլ վարչական ռեսուրսի օգտագործման ՝ կապված մանկահասակ երեխաներին հավաքներին ներգրավելու հետ կապված՝ հրավիրելով ՄԻՊ-ի ուշադրությունը։

Անդրադառնալով Հանրային Հեռուստաընկերության կողմից  քաղաքական  բանավեճին մասնակցելու հրավերին՝ Վարդևանյանը ընդգծեց․ «Հանրային Հեռուստաընկերությունը, ունենալով բանավեճային մի քանի ֆորմատներ, պարտադրանք է ներկայացրել «Հայաստան» դաշինքի մամուլի ծառայությանը, թե ով պետք է բանավիճի «Հայաստան» դաշինքից՝ օրինակ՝  Ռուբեն Ռուբինյանի հետ։ Այդ երբվանի՞ց է Հանրային Հեռուստաընկերությունը որոշում, թե «Հայաստան» դաշինքից ով պետք է բանավիճի։ Հույս ունենք, որ Հանրային Հեռտուստաընկերություն կգիտակցի, որ իրենք չէ, որ պետք է պարտադրանքի ձևով  մեզ ներկայացնեն՝ ում ուղարկենք բանավեճի»,- ասաց «Հայաստան» դաշինքի շտաբի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

 

Իշխանությունը մարզպետարանների միջոցով պետական միջոցներն  օգտագործում է քաղաքական նպատակներով․ «Հայաստան» դաշինքը դիմել է Գլխավոր դատախազին (տեսանյութ)