ԱՄՆ-ն սպասում է Քաբուլի միջազգային օդանավակայանի պաշտպանության վերաբերյալ Թուրքիայի որոշմանը

10:23 • 11.06.21

Միացյալ Նահանգները սպասում է Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանը պաշտպանելու վերաբերյալ Թուրքիայի որոշմանը, հայտնում է Ahval թերթը։

Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին ասել է, որ Թուրքիայի ղեկավարների հետ շարունակական քննարկումներ են ունենում Քաբուլի օդանավակայանի վերաբերյալ և նշել, որ այդ որոշումը պետք է կայացնի անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա նշել է, որ ինչ որոշում էլ կայացնի Էրդողանը, նրանք կհարգեն այն։

Ինպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիան համաձայնել է սեպտեմբերին ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո վերահսկողություն հաստատել Քաբուլի միջազգային օդանավակայանի վրա՝ ՆԱՏՕ-ի հետ կնքելով 130 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ Թուրքիան կպահպանի իր զորքերի ներկայությունն Աֆղանստանում՝ դաշնակիցներից ֆինանսական, քաղաքական և նյութատեխնիկական աջակցություն ստանալու դեպքում միայն։

Մայիսի 21-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարություն էր տարածել այն մասին, որ դաշինքը նախատեսում է շարունակել «Քաբուլի օդանավակայանի գործարկման» ֆինանսական աջակցությունը:

Հայտնի է, որ թուրքական զորքերը 2003 թվականից ի վեր տեղակայված են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ներքո, սակայն մարտական գործողությունների չեն մասնակցում: Չմերժելով «Թալիբան»-ի և կառավարության միջև Քաբուլում խաղաղ բանակցություններ վարելու վերաբերյալ Վաշինգտոնի խնդրանքը՝ Անկարան հակամարտության մեջ ավելի ակտիվ դիվանագիտական դեր է ստանձնել այս տարվա սկզբից։

ԱՄՆ-ն սպասում է Քաբուլի միջազգային օդանավակայանի պաշտպանության վերաբերյալ Թուրքիայի որոշմանը