Փսակին Թրամփի օրոք Սպիտակ տանը տիրող մթնոլորտը համեմատել է «Գահերի խաղ»-ի հետ

17:24 • 11.06.21

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Սպիտակ տանը տիրող մթնոլորտը համեմատել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի հետ, գրում է The Hill-ը:

Փսակիի խոսքով՝ վարչակազմի տարբեր պաշտոնատար անձանց միջև տարաձայնությունների պատճառով մեծ թվով արտահոսքեր են եղել: Այժմ, նրա կարծիքով, իրավիճակը փոխվել է:

«Հիմա այստեղ «Գահերի խաղի» նման դրամատիկ իրադարձություններն այնքան շատ չեն, որքան նախորդ չորս տարվա ընթացքում»,- ասել է նա:

Բացի այդ, Փսակին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Սպիտակ տան շատ աշխատակիցներ երկար ժամանակ աշխատել են Բայդենի հետ, և դա բոլորովին այլ մթնոլորտ է ստեղծել, յուրաքանչյուրն իր գործով է զբաղվում:

Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Բայդենը Թրամփի համեմատ լրագրողների համար այդքան էլ հասանելի չէ, նա ընդամենը մեկ պաշտոնական ասուլիս է անցկացրել: The Hill-ը փորձել է պարզել, թե երբ տեղի կունենա հաջորդը, բայց Փսակիից կոնկրետ պատասխան չի ստացել:

Այնուամենայնիվ, Financial Times-ին տված հարցազրույցում Սպիտակ տան խոսնակն ընդգծել է, որ դրանք կանցկացվեն: Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ Բայդենը լրագրողների հարցերին ավելի շատ է պատասխանում, քան ԱՄՆ մյուս առաջնորդները:

 

 

Փսակին Թրամփի օրոք Սպիտակ տանը տիրող մթնոլորտը համեմատել է «Գահերի խաղ»-ի հետ