ԱՀԿ-ի ղեկավարը չի բացառել Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից կորոնավիրուսի արտահոսքի հնարավորությունը

11:58 • 13.06.21

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում չի բացառել Չինաստանի Ուհան քաղաքի վիրուսաբանության ինստիտուտից կորոնավիրուսի տարածման հնարավորությունը, հաղորդում է Daily Mail-ը:

«Կարծում եմ՝ մարդիկ պետք է իմանան, թե որտեղից է առաջացել վիրուսը, նրանք արժանի են դրան։ Դա նաև անհրաժեշտ է հետագայում համավարակների կրկնությունը կանխելու համար»,- ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի ծագման շուրջ հետաքննության հարցում Չինաստանի կողմից բավարար «թափանցիկություն և համագործակցություն» չի եղել։

Հարցին, թե արդյոք դեռևս քննարկվում է կորոնավիրուսի լաբորատոր արտահոսքի հնարավորությունը,  Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը պատասխանել է․ «Ներկայում դիտարկվում է յուրաքանչյուր վարկած»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդագրություն էր տարածել, որում մեջբերվում էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ ԱՄՆ հետախուզական հանրությունը «վիրուսի ծագման շուրջ միավորվել է երկու հավանական սցենարների շուրջ, այդ թվում՝ վիրուսաբանության ինստիտուտից արտահոսքի, սակայն վերջնական եզրակացության չի եկել»։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտին հրապարակել է COVID-19-ի ծագումը պարզելու համար Ուհան քաղաք այցելած իր փորձագետների միջազգային խմբի զեկույցի ամբողջական տարբերակը: Փաստաթղթում վիրուսաբանության ինստիտուտից կորոնավիրուսի արտահոսքն անվանել են «քիչ հավանական»։ Զեկույցում նշվում է, որ նոր տեսակի կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, մարդուն փոխանցվել է չղջիկների միջոցով։

Զեկույցի հրապարակումից հետո ԱՄՆ-ն և ևս 13 պետություններ համատեղ հայտարարություն են հրապարակել՝  կոչ անելով COVID-19-ի ծագման «թափանցիկ և անկախ» հետաքննություն անցկացնել։

ԱՀԿ-ի ղեկավարը չի բացառել Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից կորոնավիրուսի արտահոսքի հնարավորությունը