Հունիսի 20-ից հետո այս իշխանությունները չեն լինելու, կարող եմ ասել՝ այսօր արդեն չկան. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
Այնպես է ստացվել, սիրելի նոյեմբերյանիցներ, որ հիմա Տավուշի մարզի ենթակառույցները, կարևոր ճանապարհները, որ Իջևանից պետք է գնա Բերդ, կամ Իջևանից գա դեպի Նոյեմբերյան, պետք է անցնեն, այս իշխանությունների ասելով, Ադրբեջանին, որովհետև ադրբեջանական բնակավայրեր են եղել։ Այս մասին այսօր Նոյեմբերյանում ընտրողների հետ հանդիպմանը ասաց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը։
«Մենք, իհարկե, թույլ չենք տալիս, քանի որ հունիսի 20-ից հետո այս իշխանությունները չեն լինելու, ես կարող եմ ասել, որ այսօր արդեն այս իշխանությունները չկան»,-ասաց նա և նշեց, որ անգրագետ պետական կառավարումն է հասցրել այս վիճակին:
«Նրանք ընդդիմություն եղել են և ընդդիմություն մնացին մեր ժողովրդին, նրանք բաժանեցին մեր ժողովրդին, ես կասեի՝ մի քանի մասի բաժանեցին։ Նրանք ընդդիմության դերակատարություն ունեցան նաև սեփական բանակի նկատմամբ՝ ոտնահարվելով բանակը, ղեկավարությունը, արժեքները, հերոսները։ Այս կուսակցության ղեկավարը ինքը իրեն ընդդիմություն է, քանի որ ոչ մի ծրագրային քայլ չի կատարում, ոչ մի աշխատանք չի կատարում»,–ասաց նա։
Սեյրան Օհանյանը նկատեց, որ տարիների ընթացքում այս կողմերում պաշտպանությունը ամրացել է և կարևորեց կառավարման գործում փորձառությունը, ինչը իրենց թիմը՝ ՀՀ երկրորդ նախագահի գլխավորությամբ, ունի։
«Պետք է պատասխանատվություն կրեն այն ամենի համար, ինչ արել են Հայաստանի, Արցախի գլխին։ Մենք նրանց պետք է հեռացնենք, որ իրենք խելքի գան։ Փորձառու թիմ է գալիս, որը արժեքները վերականգնելու է, վերացնելու բոլոր թերությունները և մեր ժողովրդին տանելու է առաջ»,–ասաց նա։










