ՆԱՏՕ-ն պատրաստվում է դեմ հանդես գալ Եվրոպայում ցամաքային տեղակայման միջուկային հրթիռների առկայությանը

04:09 • 13.06.21

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները դաշինքի առաջնորդների ընթացող գագաթնաժողովի արդյունքներով և Բայդեն-Պուտին առաջիկա հանդիպմանն ընդառաջ պատրաստվում են հայտարարել, որ դեմ են Եվրոպայում ցամաքային տեղակայման միջուկային հրթիռների առկայությանը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Defense News հանդեսը՝ հղում անելով եվրոպական ու ամերիկյան կառույցներում ունեցած աղբյուրներին:

Ըստ աղբյուրի՝ նման դրույթ նախատեսվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին հրապարակվելիք կոմյունիկեում: 

«Այդ քայլը դիտարկվում է որպես հնարավոր միջոց Մոսկվայի հետ հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու և ԱՄՆ-Ռուսաստան առաջիկա գագաթնաժողովի նախաշեմին սպառազինությունների վերահսկման ոլորտում ընդառաջ քայլ կատարելու համար»,- գրում է հանդեսը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը կկայանա հունիսի 16-ին՝ շվեցարական Ժնևում:

 

ՆԱՏՕ-ն պատրաստվում է դեմ հանդես գալ Եվրոպայում ցամաքային տեղակայման միջուկային հրթիռների առկայությանը