ՌԴ, Սիրիա և մարդու իրավունքներ․ Սպիտակ տանը հայտնել են՝ ինչ է Բայդենը մտադիր քննարկել Էրդողանի հետ

09:18 • 14.06.21

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ի թիվս այլ հարցերի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առաջիկա հանդիպման ընթացքում կքննարկի С-400 զենիթահրթիռային համակարգերի հարցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը:

«Ռուսաստանը Թուրքիայի հետ որոշ հարցերում ակնհայտորեն տարաձայնություններ ունի, որոշ ոլորտներում էլ համագործակցում է այդ երկրի հետ։ Այնպես որ, Բայդենի համար հետաքրքիր հնարավորություն կլինի Էրդողանի հետ համեմատել ՌԴ-ի վերաբերյալ դիտարկումները»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Սալիվանը։

Հարցին, թե արդյոք Բայդենը մտադիր է Էրդողանի հետ քննարկել ռուսական С-400-ի հարցը, Սալիվանն ասել է.«Այո, կքննարկի»:

Նա նաև նշել է, որ օրակարգում է լինելու Սիրիային ու Իրանին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև այն, թե Աֆղանստանում ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո ինչ դեր կարող է այնտեղ խաղալ Թուրքիան:

Սալիվանի փոխանցմամբ՝ Բայդենը և Էրդողանը կքննարկեն նաև «մարդու իրավունքների և այլ հարցերի շուրջ էական տարաձայնությունները»։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բրիտանական Քորնուոլ քաղաքում տեղի ունեցած G7 գագաթնաժողովից հետո մեկնել է Բրյուսել, որտեղ հունիսի 14-ին տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Այդ գագաթնաժողովի ընթացքում նախատեսված է նրա և Թուրքիայի նախագահի հանդիպումը։

 

 

ՌԴ, Սիրիա և մարդու իրավունքներ․ Սպիտակ տանը հայտնել են՝ ինչ է Բայդենը մտադիր քննարկել Էրդողանի հետ