SIPRI-ն հայտնել է աշխարհում միջուկային զինանոցի աճի մասին

10:14 • 14.06.21

Միջուկային տերությունները 2020 թվականին ավելացրել են միջուկային մարտագլխիկների թիվը, ասված է Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտի՝ սպառազինությունների, զինաթափման և միջազգային անվտանգության ներկա վիճակի մասին (SIPRI) նոր զեկույցում:

«Ըստ գնահատականների՝ ներկայում օպերատիվ ուժերի կազմում միջուկային մարտագլխիկների թիվը նախորդ տարվա համեմատ (3720) ավելացել է՝ հասնելով 3825-ի»,- ասված է զեկույցում:

Նշվում է, որ 2020-ին մոտ երկու հազար միջուկային մարտագլխիկներ, որոնք գրեթե բոլորը պատկանել են Ռուսաստանին կամ ԱՄՆ-ին, գտնվել են բարձր մարտական պատրաստության վիճակում։ SIPRI-ի տվյալներով՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ին բաժին է ընկնում համաշխարհային միջուկային զինանոցի ավելի քան 90 տոկոսը:

Զեկույցի համաձայն՝ Ռուսաստանն իր համախառն միջուկային զինանոցն ավելացրել է շուրջ 180 մարտագլխիկներով՝ հիմնականում ցամաքային բազավորման միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների տեղակայման հաշվին:

«Ինչպես երևում է, համաշխարհային միջուկային պաշարներում մարտագլխիկների միագումար թիվն այժմ աճում է, ինչը տագնապալի նշան է առ այն, որ կրճատման միտումը, որը համաշխարհային միջուկային զինանոցներին բնորոշ էր «սառը պատերազմի» ավարտից հետո, կանգ է առել»,- հայտարարել է միջուկային զինաթափման, սպառազինությունների վերահսկման հարցերով SIPRI-ի ավագ գիտաշխատող Հանս Քրիստենսենը:

SIPRI-ի փորձագետները նշում են, որ 2021 թվականի սկզբին միջուկային տերությունների շրջանում նկատվում է միջուկային մարտագլխիկների ընդհանուր թվի նվազում։

«Ինը միջուկային տերություններ՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Իսրայելը և ԿԺԴՀ-ն, ընդհանուր առմամբ, 2021 թվականի սկզբին ունեցել են 13 080 միավոր միջուկային զենք։ Ի տարբերություն 2020-ի սկզբի՝ (13 400 միավոր) այս տարեսկզբին այդ թիվն ավելի պակաս է»,- ասված է զեկույցում։

Նշենք, որ SIPRI -ն անկախ վերլուծական կենտրոն է, որը զբաղվում է հակամարտությունների, սպառազինությունների, սպառազինությունների վերահսկման և զինաթափման հետազոտություններով:

SIPRI-ն հայտնել է աշխարհում միջուկային զինանոցի աճի մասին