«Դա անհանգստացրել ու տխրեցրել է մեզ». Էրդողանն այսօր պատրաստվում է Բայդենի հետ քննարկել վերջինիս կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. Daily Mail

13:01 • 14.06.21

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեմ առ դեմ հանդիպման ժամանակ անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից կլսի, թե ինչպես է Հայոց ցեղասպանության ճանաչման հայտարարությունը «անհանգստացրել ու տխրեցրել իրենց»: Ինչպես նշում է  Daily Mail-ը, այս մասին երկուշաբթի հայտարարել է Էրդողանը:

Էրդողան-Բայդեն հանդիպումը նախատեսված է Բրյուսելում` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում: Դա կլինի Բայդենի նախագահության օրոք նրանց առաջին հանդիպումը:

«Դաշնակից երկիրը, որը ՆԱՏՕ-ի հետ որևէ առնչություն չունեցող հարցով, հայերի հարցով նման դիրքորոշում է ընդունում, անհանգստացրել և տխրոցրել է մեզ: Անհնար է առաջ շարժվել առանց Բայդենին այս մասին հիշեցնելու»,-ասել է Էրդողանը նախքան գագաթնաժողովին մեկնելը:

Նա հավելել է, որ բարձրացնելու է Սպիտակ տան կողմից 1915թ. դեպքերը որպես Ցեղասպանություն ճանաչելու հարցը:

Պարբերականը նկատում է, որ սա այսօր կայանալիք երկկողմ հանդիպման մի քանի լարված թեմաներից մեկն է:

Աղբյուրը հիշեցնում է, որ նախագահ ընտրվելուց հետո Բայդենն առաջին հեռախոսազրույցի հարցում երեք ամիս սպասեցրել է Էրդողանին: Նրանց հեռախոսազրույցը կայացել է ապրիլին. Բայդենը նրան տեղեկացրել է, որ պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենն այս տարվա ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։

 

«Դա անհանգստացրել ու տխրեցրել է մեզ». Էրդողանն այսօր պատրաստվում է Բայդենի հետ քննարկել վերջինիս կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. Daily Mail