Հնարավոր է՝ ՔՊ-ի հավաքներին երեխաների ներգրավման պատճառներից մեկն այն է, որ ընդդիմադիր հայացքներ ունեցողները չհայհոյեն և խնդիրներ չլինեն. Ռ. Մելիքյանը՝ հանրահավաքներին երեխաներ ներգրավելու մասին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանրահավաքներին երեխաներ է ներգրավում: Վերջերս Նոյեմբերյանում հանրահավաքի ժամանակ առաջին շարքում ՔՊ կուսակցության հագուստով երեխաներ էին, որոնք ինչ-որ ֆորմալ դերակատարում ունեին այնտեղ, այլ ոչ թե բովանդակային: Մենք բարձրաձայնում ենք այս խնդիրը, ինչպես մեր պետական մարմինների համար, այնպես էլ միջազգային կառույցների համար: Այս մասին այսօր «Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի անդամների ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Մելիքյանը կոչ արեց նաև, որ հասարակական այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են երեխաների պաշտպանության հարցերով, հաշվի առնեն տեղի ունեցողը: «Երեխաներին կարող են հավաքներին ներգրավել բացառապես այն պարագայում, երբ նրանց տարիքը, զարգացման մակարդակը հաշվի առնելով՝ նրանց համար գիտակցելի է ներգրավման նպատակը, նրանք պետք է գիտակեն, պետք է ունակ լինեն գիտակցելու»,- ասաց Մելիքյանը:
Իրավապաշտպանը նշեց՝ պետք է պարզել, թե ով է այդ երեխաներին ներգրավել հավաքներին և ինչ պատճառով. «Բնականաբար, այստեղ առաջնային նշանակություն ունեն ծնողները, բայց դա վճռական նշանակություն չունի և անգամ այն դեպքում, երբ ծնողներն են հավաքների տանում իրենց երեխաներին, կրկին խնդիրներ կարող են լինել»,-ասաց Մելիքյանը:
Իրավապաշտպանը նշեց, որ ՔՊ-ի հասցեին կարող են հայոյանքներ հնչել՝ հաշվի առնելով հանրության վերաբերմունքը կուսակցության նկատմամբ, և այս պարագայում ընդունելի չէ, երբ երեխաների են տանում հավաքներին.
«Հնարավոր է՝ երեխաների ներգրավման պատճառներից մեկը սա է, որ ՔՊ-ի դեմ խոսողները չհայհոյեն և խնդիրներ չլինեն»:










