Գագիկ Ծառուկյանն Արագածոտնի մարզում ներկայացրեց տնտեսական, սոցիալական ծրագրերը
Արագածոտնի մարզում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը բնակիչների հետ հանդիպմանը կարևորեց աշխատատեղերի ստեղծումը: Նրա խոսքով, երկրի տնտեսությունը զարգացնելու համար անհրաժեշտ է ներդրումներ բերել, գործարաններ բացել, որպեսզի մարդիկ աշխատանք ունենան:
«Այսօր ի՞նչ իրավիճակ ունենք: Մեր ժողովուրդը շատ ծանր վիճակում է, շատերը պարտքերի, վարկերի, տույժ–տուգանքի տակ են: Մենք շատ լավ պատկերացնում ենք մեր հասարակության առջև ծառացած խնդիրները ու մեր ծրագրում կետ առ կետ նշված են անելիքները, նախատեսվող բարեփոխումները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Գագիկ Ծառուկյանը:
Նրա կարծիքով, դրսից գումար պետք է բերել ցածր տոկոսով ու նպաստել, որ դրանք ներդրվեն տարբեր ոլորտներում: Նա լուծումներ առաջարկեց մթերումների, արտահանումների հետ կապված՝ նախանշելով համագործակցություն արաբական երկրների հետ:
Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց, որ այս ընթացքում ինչ ասել է, դա գործի է վերածել: Նա կարևորեց երիտասարդ ընտանիքներին աջակցելու հարցը, այն է՝ պայմաններ ստեղծել, որ նրանք կարողանան բնակարանային խնդիրները հեշտությամբ լուծել:
Գագիկ Ծառուկյանը խոսեց անվտանգային հարցերից՝ նշելով, որ թիվ մեկ խնդիրը բանակի հզորացումն է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդն այդ գործընթացի հիմքում կարևորում է պայմանագրային ծառայողների թվի ավելացումը:










