Իսրայելի նոր վարչապետը խոստացել է միավորել «քաղաքական ճգնաժամի ձեռքը տառապած» ժողովրդին
Իսրայելի նոր վարչապետ Նաֆթալի Բենեթը նշել է նոր կառավարության առաջնահերթությունները, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ վարչապետը խոստացել է միավորել «քաղաքական ճգնաժամի ձեռքը տառապած» ժողովրդին։
Նա նշել է, որ կառավարությունն աշխատելու է հանուն բոլոր մարդկանց բարօրության՝ շեշտելով, որ առաջնահերթ են լինելու առողջապահության և կրթության ոլորտների բարեփոխումները, ինչպես նաև բյուրոկրատիայի կրճատումը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իսրայելի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել է կոալիցիոն կառավարության նոր կազմը՝ վերջ դնելով Բենյամին Նեթանյահուի 12-ամյա կառավարմանը։ Հաջորդ կառավարությունը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար, «Յամինա» կուսակցության առաջնորդ Նաֆթալի Բենեթը, որը նախօրեին Քնեսեթում (Իսրայելի խորհրդարանը) տեղի ունեցած արարողության ժամանակ երդում է տվել որպես Իսրայելի 13-րդ վարչապետ։
Լրատվականը նշում է, որ Իսրայելի նոր կառավարությունը նման չի լինի նախորդ կառավարություններին, քանի որ այստեղ ներգրավված են ուժեր, որոնք բացի Նեթանյահուին պաշտոնանկ անելուց ոչ մի այլ ընդհանրություն չունեն։ Համագործակցության ընթացքում կարող են դժվարություններ առաջանալ պաղեստինցիների նկատմամբ քաղաքականության, սոցիալական, կրոնական սահմանափակումների վերաբերյալ հարցերի շուրջ քաղաքականության հարցում։
Նշենք, որ կոալիցիոն կառավարություն կազմելու մասին համաձայնությունը ձեռք է բերվել հունիսի 2-ին լրացող վերջնաժամկետից կես ժամ առաջ միայն։










