Ամերիկացի կոնգրեսականը ներողություն է խնդրել դիմակ կրելու պարտադիր պահանջը Հոլոքոստի հետ համեմատելու համար
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Մարջորի Թեյլոր Գրինը ներողություն է խնդրել դիմակ կրելու պարտադիր պահանջը Հոլոքոստի հետ համեմատելու համար, հաղորդում է New York Post-ը։
«Հոլոքոստը հնարավոր չէ համեմատել մեկ այլ իրադարձության հետ, և իմ՝ ավելի վաղ հնչեցրած խոսքերը, դիտողությունները վիրավորական էին և այդ կապակցությամբ ցանկանում եմ ներողություն խնդրել»,- օրերս հայտարարել է հանրապետականը։
Ինչպես նշում է պարբերականը, անցյալ ամիս կոնգրեսականը քննադատել էր Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Ներկայացուցիչների պալատում պարտադիր դիմակներ կրելու որոշումը՝ դա համեմատելով Հոլոքոսի ժամանակ հրեաների հանդեպ նացիստական Գերմանիայի դրսևորած դաժան վերաբերմունքի հետ։
«Պատվաստված մարդիկ փաստաթուղթ են ստանում ճիշտ այնպես, ինչպես նացիստները հրեաներին ստիպում էին ոսկե աստղ կրել․ կորոնավիրուսային անձնագրերի և դիմակների վերաբերյալ պահանջները հանգեցնում են չպատվաստված մարդկանց նկատմամբ խտրականության»,- Twitter-ում գրել էր նա։
Կոնգրեսականն իր գրառման պատճառով հայտնվել էր քննադատությունների թիրախում։










