«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար կանենք մեզնից կախված ամեն ինչ»․ Էրդողան

18:21 • 15.06.21

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Անկարան իրենից կախված ամեն ինչ կանի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար» և Երևանին կոչ է արել համագործակցել «Վեցյակի հարթակի» շրջանակներում, փոխանցում է ria.ru-ն։

«Ես Երևանին կոչ եմ անում օգտվել «Վեցյակի հարթակի» (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Վրաստան, Հայաստան և Ադրբեջան) շրջանակներում տարածաշրջանում համագործակցության հնարավորություններից։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար կանենք մեզնից կախված ամեն ինչ»,- Շուշիում հայտարարել է Էրդողանը։

Նշենք, որ Շուշիում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական փաստաթղթերի ստորագրման արարողությունը. մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը:

«Այսօր մենք ոչ միայն խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը ճանապարհային և երկաթուղային ճանապարհով կապելու է Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև գործնական գործողություններ ենք իրականացնում», - ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը:

Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:

«Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա: Այն վերաբերում է համագործակցության տարբեր ոլորտներին», - բացատրել է նա` հավելելով, որ դաշնակցության վերաբերյալ այս հռչակագիրն ամենաբարձր մակարդակին է բարձրացնում Բաքվի ու Անկարայի հարաբերությունները:

Իլհամ Ալիևն ասել է, որ Շուշիի հռչակագրում շոշափվում են երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում փոխօգնության խնդիրները: