Մենք ամեն ինչ պետք է անենք, որ փոքր, միջին տնտեսավարող սուբյեկտները լրացուցիչ ծախսեր չունենան. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Հարկային համակարգը պետք է թվայնացվի ամբողջությամբ և նվազագույնի պետք է հասցվի հարկային տեսուչ-տնտեսվարող սուբյեկտ շփումը: Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է ՀՀ 2-րդ նախագահ և դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:
«Ընդհանրապես ես գիտեմ, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվել են, բայց ոչ այս 3 տարիների ընթացքու,մ և իմ ժամանակ մենք ներդրել ենք պարզեցված հարկատեսակներ փոքր և միջին բիզնեսի հետ աշխատելու համար: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ փոքր և միջին տնտեսվարող սուբյեկտները լրացուցիչ ծախսեր չունենան»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Նա նաև նշեց՝ ցավոք չձևավորվեցին տնտեսություններ, որոնք կարող են որակյալ և մեծաքանակ սերմերով ապահովել տնտեսությունը, բայց 2-րդ նախագահի օրոք այս համակարգը խրախուսվել է:
«Ես հիշում եմ, որ մենք կարտոֆիլի սերմեր էինք բերում Հոլանդիայից և փայլուն արդյունք էինք ստանում, միշտ էլիտար սերմացու էինք ներմուծում և ստանում էինք լավ արդյունքներ, պետությունը պարտավոր է սա անել, բայց չկա գյուղատնտեսության նախարարություն»,- նշեց նա:
Դաշինքի ղեկավարը հավելեց՝ նախարարության բացակայությամբ այդ ոլորտի ծրագրերը զրոյացվել են, իներցիայով են ինչ-որ բաներ գալիս:
«Գյուղատնտեսության արտադրանքը իրար վրա անկում է ապրում, ընդհանուր ծավալը, ցանքատարածությունները նվազում են, վերջնական արդյունքն այն է, որ ՀՆԱ-ի մեջ արդյունքը կազմում էր 18 տոկոս, իսկ հետո իջավ 15, իսկ հիմա ձգտում է դեպի 11 տոկոս»,- ընդգծեց Քոչարյանը:
Նա նաև անդրադարձավ այս ոլորտի պատասխանատուներին: «Երկրի առաջին դեմքը, կամ էկոնոմիկայի նախարարը կամ գյուղատնտեսության պատասխանատուն այս թվերին նայելով՝ չպետք է գիշերը քնի, ուղղակի ես զարմանում եմ, թե ոնց են այս մարդիկ քնում, երևի մինչև քնելն էլ մի շիշ հուփ են տալիս ու անջատվում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:










