Իշխանության կողմից հունիսի 21-ին մարդկանց հրապարակ հրավիրելը քաղաքացիական պատերազմ հրահրելու նպատակ ունի․ «Ալյանս»-ի փոխնախագահ (տեսանյութ)

14:23 • 15.06.21

 

Իշխանության կողմից հունիսի 21-ին մարդկանց հրապարակ հրավիրելը քաղաքացիական պատերազմ հրահրելու նպատակ է հետապնդում։ Այս մաիսն այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց «Ալյանս» կուսակցության փոխնախագահ Սոնա Գուլքանյանը։

«Եթե իր երազած 64 տոկոսը չհավաքի, միանշանակ չի հավաքելու, մարդկանց ասելու է՝ իրենց ձայները գողացել են, ընտրությունները կեղծել են, ու տանելու է քաղաքացիական պատերազմի, բախումներ են լինելու»,-նշեց նա։

Գուլքանյանի խոսքով՝ Փաշինյանը քարոզարշավն իրականացնում է աջակիցների շրջիկ խմբերի ուղեկցությամբ։ «Նոյեմբերյանում Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր քարոզարշավի իր շրջիկ համախոհների հետ։ Ինքս, Տավուշի մարզից լինելով, այնտեղ 18-19 տարի ապրելով, նայում էի ներկաներին ու միայն մի քանի նոյեմբերյանցու կարողացա ճանաչել։ Այսպես երեք տարի խաբել է ժողովրդին, թե սա է անելու, այն է անելու, հիմա ինչ ասում են, խոսում է ասֆալտից»,-ասաց նա։

Ըստ Գուլքանյանի՝ Փաշինյանի բոլոր հայտարարությունները «փուչիկ» են, նա ոչ մի բան չի կարողանում անել։ «Ասում է՝ պատերազմի ժամանակ ինձ բոլորը խաբել են, 44 օրում գեներալներն ինձ խաբել են․ եթե դու վարչապետ ես, իսկ քո ղեկավարության տակ աշխատողը քեզ խաբել է, էլ ինչի՞ վրա ես հույս դնում։ Մարդիկ քեզ անլուրջ են ընդունում, դու ծրագիր չունես»,-ասաց նա։

Վերջինիս դիտարկմամբ՝ գործող իշխանությունը չի կարողանում ապահովել ներդրումներ, եկողներն էլ հիասթափվում են ՀՀ-ից ու հեռանում։ «Մարդիկ չեն ուզում ներդրումներ անել, որովհետև դու ապահովություն չես խոստանում այդ մարդկանց, եթե քո իշխանության ներսում մարդիկ քեզ չեն հավատում, դրսից եկած մարդիկ ինչ ներդրումներ անեն»,-ասաց նա՝ դիմելով Փաշինյանին։

Ըստ «Ալյանս»-ի փոխնախագահի՝ կադրային սխալ քաղաքականություն է վարվել, և տարբեր պաշտոնների են նշանակվել անձինք, որոնք «ճանապարհ» չեն անցել։

«Այսօր ժողովրդի մեծ մասը կամավոր դարձած պահում է այն սահմանները, որ Նիկոլ Փաշինյանը թողել է բարձիթողի վիճակում։ Անկլավների մասին որ խոսում է, այդ տարածքով ենք անցնում, ուր է ապահովությունը․ այս պահին ամբողջովին բարձիթողի վիճակ է»,․-ասաց նա՝ հավելելով՝ ԱԺ արտահերթ ընտրություններին թիվ 3-ը ընտրելու դեպքում ՀՀ-ն դառնալու է թուրքական վիլայեթ։

Իշխանության կողմից հունիսի 21-ին մարդկանց հրապարակ հրավիրելը քաղաքացիական պատերազմ հրահրելու նպատակ ունի․ «Ալյանս»-ի փոխնախագահ (տեսանյութ)