Ունենք անպատասխանատու իշխանություն, որը փչացրեց մեր հարաբերությունները բոլոր հարևանների հետ և թշնամի ստեղծեց Հայաստանի ներսում․ սրանցից ազատվելու միակ ձևը նրանց դեմ քվեարկելն է․ Ռոբերտ Քոչարյան

16:07 • 15.06.21

Այսօր մենք ունենք իշխանություն, որը պատրաստ չէ որևէ չափի պատասխանատվություն վերցնել սեփական որոշումների հետևանքների համար։ Այս մասին այսօր Արարատի Մարզի Ավշար համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը։

Նա նկատեց, որ այս իշխանության բոլոր որոշումները սխալ են դուրս եկել, մենք ունենք անկում բոլոր ոլորտներում։ «Մենք ունենք անպատասխանատու իշխանություն, որն ունակ չէ երկու քայլ հեռուն նայել, և մենք ունենք իշխանություն, որը փչացրեց մեր հարաբերությունները մեր բոլոր հարևան երկրների հետ, և ունենք իշխանություն, որը թշնամի ստեղծեց Հայաստանի ներսում։ Այդ թիմից ազատվելու, այդ թիմին պատժելու ձևը միակն է՝ քվեարկել ամսի 20–ին նրանց դեմ, սրանք չեն փոխվելու, տեսակ է»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է Արցախի պատերազմում կրած պարտությանը, նա ասաց․«Մեզ բավական դժվար ճանապարհ է սպասվում՝ մարսել և հաղթահարել այդ պարտության սինդրոմ կոչեցյալը։ Դժվար ճանապարհ է սպասվում, որովհետև մենք իսկապես 30 տարի ապրել ենք, բոլոր տարաձայնություններով հանդերձ, հաղթած ժողովրդի կարգավիճակ, և հիմա այդ ամենը փոխվեց»,–ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ առաջնահերթ է երկրի պաշտպանվածության վերականգնումը, բանակը նորից մարտունակ և ավելի ժամանակակից դարձնելը։ «Հաղթած բանակում ծնողները հասկանում էին, թե ինչի համար էին զոհ տվել, հիմա շատ դժվար է դա մարսել»,–ասաց նա։

Հանդիպմանը մասնակցող քաղաքացիներից ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հատուկ վաշտի սերժանտ Պետրոսյանն ասաց, որ հենց այս պահից հեռանում է աշխատանքից և հենց այդ պահին հանեց համազգեստը։ Նա կոչ արեց ոստիկանության պետ Վահե Ղազարյանին, տեղակալին, որպեսզի վերջ տան այս խեղկատակ Նիկոլ Փաշինյանի հրամանները  կատարելուն։ Նա նաև նշեց, որ այսօր ինքն էլ պետք է գնար Սյունիք, սակայն, զգալով երկրի վիճակը, որոշել է հեռանալ աշխատանքից։

«Երկու տարի առաջ հեծանիվով ման գալ քաղաքի մե՞ջ, իսկ ասյօր 400–500 զինված մարդ իրեն ուղեկցի՞, դա աբսուրդ է»,– ասաց նա և կոչ արեց կանգնել «Հայաստան» դաշինքի կողքը։

Ունենք անպատասխանատու իշխանություն, որը փչացրեց մեր հարաբերությունները բոլոր հարևանների հետ և թշնամի ստեղծեց Հայաստանի ներսում․ սրանցից ազատվելու միակ ձևը նրանց դեմ քվեարկելն է․ Ռոբերտ Քոչարյան