ԱՄՆ-ում դիմակ կրելու շուրջ վեճի պատճառով այցելուն սպանել է խանութի գանձապահին և վիրավորել անվտանգության աշխատակցին

09:43 • 15.06.21

ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում դիմակ կրելու շուրջ վեճի պատճառով տղամարդը սպանել է խանութի գանձապահին և հրազենային վիրավորում հասցրել անվտանգության աշխատակցին, հայտնում է FOX 5-ը՝ վկայակոչելով շրջանի շերիֆ Մելոդի Մեդոքսին:

Հաղորդվում է, որ տղամարդը նույնպես վիրավորվել է՝ անվտանգության աշխատակցի պատասխան կրակից։

Հայտնի է, որ 30-ամյա Վիկտոր Լի Թաքերը մտել է մթերային խանութ, սակայն գանձապահի հետ դիմակ կրելու հարցի շուրջ վիճաբանությունից հետո դուրս է եկել առանց գնումներ կատարելու։ Ավելի ուշ տղամարդը վերադարձել է և կրակ բացել՝ վիրավորելով դրամարկղի և անվտանգության աշխատակիցներին։

Անվտանգության աշխատակիցը պատասխան կրակ է բացել, ինչի հետևանքով միջադեպի մասնակիցները երեքն էլ տեղափոխվել են հիվանդանոց։ Դրամարկղի աշխատակցի կյանքը փրկել չի հաջողվել, իսկ մյուս երկու տղամարդկանց վիճակը գնահատվել է կայուն։

Միջադեպի առթիվ հետաքննություն է սկսվել։

Ինչպես հայտնի է, Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստում ստացած քաղաքացիները կարող են սոցիալական հեռավորություն չպահպանել և դիմակ չկրել, եթե այն օրենքով սահմանված չէ։

ԱՄՆ-ում դիմակ կրելու շուրջ վեճի պատճառով այցելուն սպանել է խանութի գանձապահին և վիրավորել անվտանգության աշխատակցին