Հունգարիայի դպրոցներում արգելել են խոսել նույնասեռականության և տրանսգենդերության մասին
Հունգարիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որն արգելում է դպրոցներում նույնասեռական և տրանսգենդեր անձանց վերաբերյալ նյութերի տարածումը, հաղորդում է Hungary Today-ը:
Օրենքը սահմանափակում է նաև այն անձանց թիվը, որոնք կարող են սեռական դաստիարակության դասեր անցկացնել: Մասնավորապես, բացի ուսուցիչներից, դա կարող են անել միայն այն մարդիկ և կազմակերպությունները, որոնք ներառված են իշխանությունների կողմից հաստատված ցուցակում: Այս փոփոխությունը սպառնում է հասարակական կազմակերպություններին, որոնք կարող են ներառված չլինել ցուցակում:
Բացի այդ, օրենքն արգելում է 18 տարեկանից ցածր մարդկանց շրջանում նյութերի բաշխումը, այդ թվում՝ գովազդը, որոնք նպաստում են նույնասեռականությանը կամ գենդերային ինքնությանը: Միևնույն ժամանակ, հեռուստաընկերությունները պարտավոր են սահմանել 18+ տարիքային նշումներ այն ֆիլմերի և ծրագրերի համար, որոնք չեն համապատասխանում ընդունված օրենքին. դրանք կարող են ցուցադրվել 22:00-ից 05:00-ն:
Հիշեցնենք՝ նման փոփոխությունները մտցվել են խորհրդարանի քվեարկությունից մի քանի օր առաջ ներկայացված օրինագծում, որը խստացնում է երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար պատիժները: Փոփոխությունները քննադատել են ԼԳԲՏ կազմակերպությունները, հունգարական հեռուստաալիքները և ձախ ընդդիմադիր կուսակցությունները, իսկ հունիսի 14-ին Բուդապեշտում այս առնչությամբ տեղի են ունեցել բողոքի ակցիաներ:










