Այս համակարգի գլխին կանգնած է մի մարդ, որն ինքն իրեն չի կարողանում կառավարել, բայց համարում է՝ երկիրը կարող է կառավարել․ Ռոբերտ Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

11:02 • 16.06.21

2018 թվականին մենք իշխանության ենք բերել մի թիմ, եթե կարելի է թիմ անվանել, որոնք արժեզրկեցին իշխանություն հասկացությունն ընդհանրապես, Հայաստանում այսպիսի իրավիճակ չի եղել։ Այս մասին Արթիկում ընտրողների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը։

Նա նկատեց, որ մեծ աշխատանք է պետք տանել իշխանության նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։ «Այս համակարգի գլխին կանգնած է մի մարդ, որն ինքն իրեն չի կարողանում կառավարել, բայց համարում է՝ երկիրը կարող է կառավարել։ Մենք երբեք իրավաբանին չենք դնելու առողջապահություն ղեկավարելու համար, կամ պատմաբանին՝ ջրային տնտեսություն կառավարելու համար, մենք հենվելու ենք մասնագիտական գիտելիքների վրա»,–ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ մարդը պետք է այնպես անի, որ իրեն ավելի շատ հարգեն պատշոնավարումից հետո, իսկ այս մարդկանց, եթե մինչև պաշտոնը մեկ–երկու հոգի բարևում էին, այդ երկուսն էլ չեն բարևում հիմա։

Անդրադառնալով իրենց տունը կորցրած արցախցիների խնդիրներին, որոնց տարածքները հակառակորդի վերահսկողության տակ են անցել, նա ասաց․«Մենք նույնիսկ իշխանությունը վերցնելուց հետո չենք կարող ասել՝ դե հիմա նա է ստորագրել, ես քո առաջ պարտավորություն չունեմ, դա անպատասխանատու ղեկավարում կլինի։ Մենք, այնուամենայնիվ, ձեր պրոբլեմներին տեր ենք լինելու»,–ասաց նա։

Խոսելով կրթության ոլորտից՝ նա նշեց, որ եթե այստեղ բեկումնային փոփոխություններ չմտցնենք, մենք երբեք ուժեղ Հայաստան չենք կառուցի։ «Այն, ինչ այսօր կատարվում է մասնագիտական առումով, մենք ունենք լրջագույն խնդիր Գյուղակադեմիայում, Մանկավարժական ինստիտուտում։ Պետությունն իր վերաբերմունքը պետք է ցույց տա շատ կոնկրետ քայլերով»,–ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը նաև նշեց, որ իրենք չեն գալիս վենդետաների համար։ «Մենք գալիս ենք համերաշխություն բերելու, մենք այդ լաչառ տեսակը չենք, մենք աշխատող, ստեղծող, քարը քարին ամեն օր դնող տեսակ ենք»,–ասաց նա։


Այս համակարգի գլխին կանգնած է մի մարդ, որն ինքն իրեն չի կարողանում կառավարել, բայց համարում է՝ երկիրը կարող է կառավարել․ Ռոբերտ Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին