Քրեադատավարական ընթացակարգ ապահովելու հիմքերը բացակայում են․ Դատախազությունը՝  Ն․ Փաշինյանի՝ ընտրակաշառքի տեսանյութի համար 1000 ԱՄՆ դոլար պարգև խոստանալու մասին

16:05 • 16.06.21

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից արված հայտարարության վերաբերյալ հրապարակումներն ուսումնասիրվել են ՀՀ գլխավոր դատախազությունում, որի արդյունքում պարզվել է, որ քրեադատավարական ընթացակարգ ապահովելու հիմքերը բացակայում են: Այս մասին Tert.am-ից հայտնեցին դատախազությունից՝ անդրադառնալով հայտարարությանը, ըստ որի Նիկոլ Փաշինյանը ասել է, թե ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք։

«Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածը, որը պատասխանատվություն է նախատեսում ընտրակաշառք տալու համար, հտակ սահմանում է այդ հանցագործության նպատակը, օբյեկտիվ կողմի դրսևորումները, մասնավորապես՝ հանցանք կատարող անձի պահանջը կամ ակնկալիքը ընտրակաշառքի դիմաց: Տվյալ դեպքում հայտարարության մեջ նշվող հանգամանքներում այդ հատկանիշներն ակնհայտորեն առկա չեն»,–հայտնեցին դատախազությունում։

Հիշեցնենք, որ այսօր Վայոց Ձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  55 անձ ընտրակաշառք բաժանելու գործով է անցնում և շեշտեց, որ իրավապահ մարմինները բավականին մեծ «բերքահավաք» են խոստացել:
«ՔՊ-ն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք, 500 հազար դրամ պարգև, այն քաղաքացիներին, որոնք ընտրակաշառք տալու, ստանալու փորձ կնկարահանեն»:

Քրեադատավարական ընթացակարգ ապահովելու հիմքերը բացակայում են․ Դատախազությունը՝  Ն․ Փաշինյանի՝ ընտրակաշառքի տեսանյութի համար 1000 ԱՄՆ դոլար պարգև խոստանալու մասին