Պուտինը հրաժարվել է Ժնևի օդանավակայանում արարողակարգային հանդիպումից

11:25 • 16.06.21

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Շվեյցարիայի իշխանություններին խնդրել է Ժնև ժամանելուն պես արարողակարգային հանդիպում չանցկացնել: Այս մասին գրում է vz.ru-ն՝ հղում կատարելով Tribune de Geneve առցանց հրատարակությունը:

Լրատվամիջոցը, հղում կատարելով Ժնևի քաղաքապետ Ֆրեդերիկա Պերլեին, նշել է՝ Ռուսաստանի նախագահը լիովին հրաժարվել է Շվեյցարիայի իշխանությունների հետ անցուղիում կայանալիք արարողակարգային հանդիպումից:

«Կանտոնի ղեկավարությունը պատրաստվում էր հանդիպմանը, բայց կկատարի ռուսական պատվիրակության ցանկությունը»,- մանրամասնել են գերատեսչությունից:

Tribune de Geneve-ը նշում է նաև, որ նախօրեին անվտանգության ուժերի ներկայացուցիչները ծառայողական շներով այցելել էին Ժնևի համալսարանական հիվանդանոց և շրջապատել վերակենդանացման բաժանմունքների որոշ մահճակալներ: Ինչպես հստակեցվել է, դա Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներից մեկն է, քանի որ պատվիրակություններին տրամադրվում է ոչ միայն անվտանգության, այլ նաև բժշկական աջակցություն:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը հունիսի 16-ին կհանդիպեն Ժնևում: Երեքշաբթի երեկոյան Ժնևում վայրէջք է կատարել ռուսական պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը: Բայդենը նույնպես ժամանել է Ժնև:

Կրեմլը հայտնել է, որ նախագահները կքննարկեն ռազմավարական կայունության, կորոնավիրուսի և կիբերհանցագործությունների դեմ պայքարին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ իրավիճակը Լեռնային Ղաբաղում, Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում և Բելառուսում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը շվեյցարական Ժնևում կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 15:35-ին: 

 

 

Պուտինը հրաժարվել է Ժնևի օդանավակայանում արարողակարգային հանդիպումից