«Այսօր միայն Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը կարող են վերադարձնել մեզնից խլված արժանապատվությունը, մաքրել մեր երկիրը կեղտից, պաշտպանել մեր սահմանները». Սաթի Սպիվակովա
Ռուսաստանաբնակ հայազգի կինոդերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան իր ինստագրամյան էջում անդրադարձել է ներհայաստանյան քաղաքական իրավիճակին, մասնավորապես` հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Ստորև ներկայացնում ենք նրա գրառումը.
«Հարգելի հայրենակիցներ, այսօր չեմ կարող լռել: Դիմում եմ նրանց, ովքեր ի վիճակի են մտածել, զգալ, տրամաբանել ու ողջախոհ լինել: Հայաստանն այսօր նման է կոտրված դռներով տան, որով թրև են գալիս թշնամիներն ու կողոպտիչները` ներկայացնելով մտացածին իրավունքներ...այդ տանը զգացվում է քայքայման հոտը և հնչում են անմեղ սպանված երեխաների ձայները, գլխատված եկեղեցիների զանգերի ղողանջները: Ուշքի՛ եկեք, սթափվե՛ք: Մենք Հայրենիք ենք կորցնում: Ութ ամիսը բավական ժամանակաշրջան է հետպատերազմյան դեպրեսիայի համար: Շատ հաճախ ընտրությունների ընթացակարգը ձևական բնույթ է կրում, բայց ո՛չ այս անգամ, ո՛չ մեր պարագայում: Մուրճով խելագարը, որը պատերազմ է հայտարարել ամբողջ հայ քաղաքակրթությանը, մտավորականությանը, եկեղեցուն, կեղծ ժողովրդավարը, որը մերկացրել է բռնապետի դեմքը, տգետ դեմագոգն ու մանիպուլյատորը, որը սոսնձվել է իշխանությանը, որն ունակ է նոպայի մեջ գոռալ, որը հպարտանում է պարտությամբ, հակաառաջնորդը, որի պատճառով ամոթ է զգում ցանկացած ողջախոհ մարդ. մի՞թե արժանի էինք այս ամենին: Հազարավոր զոհեր, հազարավոր հաշմանդամներ, անօթևան դարձած հազարավոր ընտանիքներ, հազարավոր այրիներ ու որբեր, կորսված հողեր, պղծված սրբություններ, բաց սահմաններ, ստորացումներ, որոնց վերջը չի երևում, հասարակության ամբողջական պառակտում` ահա «Իմ քայլը դեպի դժոխք» կուսակցության գործունեության արդյունքը: Մեր և ձեր ուժերում է այս մղձավանջին վերջ տալը: Միայն հպարտությունը թույլ չի տալիս մարդուն ընդունել իր սխալը: Մենք ունակ ենք դառնալու մեր Վերածննդի ճարտարապետը: Հայաստանն ունի հնարավորություն, հունիսի 21-ին արթնանալով, վերադարձնել ամենակարևորը` արժանապատվությունը: Մնացածի համար պետք է ժամանակ, ուժ, կամք, հավատ: Կորուստները չափազանց մեծ են: Ես հավատում եմ իմաստությանը, ողջախոհությանը, ներքին ձայնին և լույսին, որոնք ապրում են իմ մեծ ժողովրդի մեջ: Այսօր միայն Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը կարող են վերադարձնել մեզնից խլված արժանապատվությունը, մաքրել մեր երկիրը կեղտից, պաշտպանել մեր սահմանները»,-գրել է Սպիվակովան և հայերեն հավելել` Ամեն ինչ լավ է լինելու!:










