Թուրքիայի համար թիվ 1 սպառնալիքը շարունակում է մնալ ԱՄՆ-ն, իսկ թիվ 1 բարեկամն Ադրբեջանն է. հարցում
Երեքշաբթի հրապարակված հարցման համաձայն՝ Թուրքիայում Միացյալ Նահանգներին սպառնալիք համարողների թիվը 81,3 տոկոսից նվազել է 54 տոկոսի, հայտնում է Ahval թերթը և հավելում, որ, չնայած 28 տոկոս անկմանը, Թուրքիայի համար թիվ 1 սպառնալիքը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները։
Հարցումը, որն անցկացրել է Ստամբուլի Քադիր Հասի անվան համալսարանը, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ից հետո Թուրքիայի համար 2-րդ ամենամեծ սպառնալիքն Իսրայելն է (41,8 տոկոս):
Հարցման տվյալներով՝ ավելացել է նաև Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանն աջակցողների թիվը, ինչպես նաև հայտնի է, որ Թուրքիայի թիվ 1 «բարեկամն» Ադրբեջանն է՝ 56,6 տոկոս, իսկ 2-րդ բարեկամը՝ միայն Թուրքիայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը՝ 49,7 տոկոս։
Թերթը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները սրվել են 2019 թվականից՝ Անկարայի կողմից ռուսական հակաօդային պաշտպանության համակարգեր գնելուց հետո, ինչի հետևանքով Վաշինգտոնը Թուրքիան հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից։ Երկու պետությունները տարաձայնություններ ունեն նաև Սիրիայի հարցում, որտեղ Միացյալ Նահանգներն աջակցում է քուրդ զինյալներին, որոնց Թուրքիան ահաբեկիչ է համարում։
Ապրիլի 29-ից մայիսի 1-ն անցկացված հարցումը հրապարակվել է երկու պետությունների միջև հարաբերությունների հնարավոր բարելավման ֆոնին։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարթակում հանդիպել են ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ջո Բայդենը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկկողմ հանդիպումն անվանել էր «շատ դրական»:










