«Օրը հաջող էր միայն Ռուսաստանի համար»․ Թրամփը հայտարարել է, որ Ժնևում Բայդենի և Պուտինի հանդիպումից միայն «ռուսական կողմն է շահել»

09:08 • 17.06.21

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումից ոչինչ չի ստացել, իսկ Մոսկվայի համար «հանդիպումը լավ է անցել»:

«Մենք մեծ բեմ տրամադրեցինք Ռուսաստանին և փոխարենը ոչինչ չստացանք»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է նա։

Թրամփը նշել է, որ երկրի գործող նախագահը չի կարողացել կանգնեցնել «Հյուսիսային հոսք 2» նախագիծը, ինչը կարևոր էր ԱՄՆ-ի համար։ Նրա կարծիքով՝ երկու երկրների գագաթաժողովից շահել է միայն Ռուսաստանը։

«Ես կարծում եմ՝ օրը հաջող էր Ռուսաստանի համար»,- ասել է նախկին նախագահը հունիսի 16-ին Ժնևում կայացած գագաթնաժողովի մասին։

Ընդ որում, Թրամփը հեռուստաալիքին տված հարցազրույցում նաև հայտարարել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կարող էին «անհավանական» լինել։

«Նրանց տնտեսություն է պետք, իսկ մեզ պետք են բաներ, որոնք նրանք ունեն։ Հանքային ռեսուրսների տեսանկյունից նրանք շատ արժեքավոր երկիր են», - նշել է Թրամփը՝ պնդելով, որ անձամբ ինքը «հիանալի հարաբերություններ է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, բայց միևնույն ժամանակ ԱՄՆ-ի ոչ մի նախագահ Ռուսաստանի հետ այնքան կոշտ չի խոսել, որքան ինքը»։

Նշենք, որ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպել է 6 անգամ։

Հիշեցնենք, որ Պուտինի և Բայդենի առաջին հանդիպումը կայացել է հունիսի 16-ին՝ ժնևում․ բանակցությունները տևել են 4,5 ժամ, ներառյալ՝ ընդմիջումը: 

Հանդիպումից հետո պետությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

«Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ցույց են տվել, որ նույնիսկ լարվածության պայմաններում նրանք ի վիճակի են առաջընթացի հասնել համատեղ նպատակների իրականացման գործում` ռազմավարական ոլորտում կանխատեսելիություն ապահովելու, զինված բախումների ռիսկերը և միջուկային պատերազմի սպառնալիքները նվազեցնելու համար»,-ասված է փաստաթղթում:

«Այսօր մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը այն սկզբունքին, որ միջուկային պատերազմում չեն կարող լինել հաղթողներ, և այն երբեք չպետք է սանձազերծվի», -ասված է համատեղ հայտարարության մեջ:

 

 

«Օրը հաջող էր միայն Ռուսաստանի համար»․ Թրամփը հայտարարել է, որ Ժնևում Բայդենի և Պուտինի հանդիպումից միայն «ռուսական կողմն է շահել»