«Բայդենը վստահ չէ հանդիպման արդյունքների հարցում, իսկ Պուտինն անհամբեր սպասում է դրա ավարտին»․ մասնագետը վերլուծել է նախագահների «մարմնի լեզուն» (տեսանյութ)
BBC լրատվականը ներկայացրել է «մարմնի լեզվի» մասնագետ Մերի Սիվիելլոյի մեկնաբանությունները Բայդեն-Պուտին հանդիպման վերաբերյալ՝ ուսումնասիրելով Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների վարքը հանդիպման սենյակից դուրս, քանի որ քննարկումների ընթացքում տեսախցիկներն արգելված են եղել։
««Մարմնի լեզուն» միշտ ավելի խոսուն է, քան խոսքերը, և սա հենց այն է, ինչ մենք փնտրում ենք», - ասել է Մերի Սիվիելլոն։
Անդրադառնալով երկու պետությունների ղեկավարների ողջույնին՝ մասնագետը նշել է, որ նրանցից առաջինը ձեռքը մեկնել է Ջո Բայդենը, սակայն նրա ձեռքն օդում չթողնելու նպատակով Պուտինն առաջ է եկել՝ այսպիսով հավասարվելով ուժային առումով։
Հանդիպման սենյակում շատ բան հասկանալ հնարավոր չէ, քանի որ տեսախցիկները կարճ ժամանակով են այնտեղ՝ լուսանկարներ անելու համար, որի ընթացքում երկրների ղեկավարները ստիպված չեն շփվել, և նրանք նույնիսկ հայացքներ չեն փոխանակել։
Սիվիելլոն նշել է, որ Պուտինը նստել է իր սովորական դիրքով՝ ոտքերն իրարից անջատ, մեջքը կռթնած աթոռին, իսկ Բայդենը շրջված է դեպի Պուտինը, ինչը նշանակում է, որ նա բաց է բանակցությունների համար։
Այն ընթացքում, երբ լրագրողները սենյակում են եղել, նրանցից մեկը որսացել է կադրեր, որում Բայդենի շրթունքների շարժից կարելի է հասկանալ, թե ինչ է ասում․ «Ես վստահ չեմ՝ սա ինչպես է աշխատում»։ Նույն ընթացքում երևում է Պուտինի անհամբերությունը, ինչը հայտնի է նրա ձեռքի շարժումից՝ կարծես մտածում է, թե «երբ է սա ավարտվելու»։
«Եթե ուշադրություն դարձնեք Բայդենի հետ նախկինում ունեցած հանդիպումների ընթացքում Պուտինի վարքագծին, ինչպես նաև նրա վարքագծին ԱՄՆ-ի նախկին նախագահներ Քլինթոնի, Բուշի և Թրամփի հետ հանդիպումների ժամանակ, կարելի է նկատել, որ այստեղ նմանություններ կան, ինչը նշանակում է «Մի՛ ակնկալեք, որ այս հանդիպումը շատ բան կփոխի»»,- ասել է Մերի Սիվիելլոն՝ հավելելով, որ Բայդենը ոչ թե հույս ուներ ներգրավելու, այլ պատրաստ էր ներգրավվել։
Եզրափակելով՝ մասնագետը նշել է, որ երկու պետությունների ղեկավարների տարբեր առաջնորդ լինելը շատ հստակ է` տարբեր ոճով և այս հանդիպման վերաբերյալ տարբեր սպասելիքներով։










