Հնդկաստանում այժմ էլ «կանաչ բորբոս»-ով վարակման դեպք է հայտնաբերվել

13:56 • 17.06.21

Հնդկաստանում բժիշկները կորոնավիրուսով հիվանդացած տղամարդու մոտ հերթական սնկային հիվանդությունն են հայտնաբերել՝ «կանաչ բորբոս», հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը և հավելում, որ կորոնավիրուսով վարակվածների մոտ նախկինում հայտնաբերվել էր «սև», «սպիտակ» կամ «դեղին բորբոս»։

«Կանաչ բորբոս»-ով վարակման դեպքը հայտնաբերվել է Հնդկաստանի Ինդաուր քաղաքում 34-ամյա տղամարդու մոտ, որը մեկուկես ամիս քաղաքային հիվանդանոցներում բուժում է ստանում:

Հայտնի է, որ տղամարդու թոքերը կորոնավիրուսի հետևանքով 90 տոկոսով ախտահարվել էին։ Երբ տղամարդու քիթն արնահոսել է և ջերմություն է ունեցել, բժիշկները կասկածել են, որ նրա մոտ մուկորմիկոզ է կամ «սև բորբոս», սակայն տղամարդու մոտ «կանաչ բորբոս» է հայտնաբերվել։

Առողջապահության վարչության խոսնակ Ափովա Տիվարին ասել է, որ սա հիվանդության հայտնաբերման առաջին դեպքն է։

Ավելի վաղ Հնդկաստանում հայտնաբերվել էին «սև», «սպիտակ» և «դեղին բորբոս»-ով վարակման դեպքեր։ «Սև բորբոս»-ի դեպքերը հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակվածների, ինչպես նաև շաքարային դիաբետ ունեցողների մոտ, որոնք երկար ժամանակ ստերոիդների մեծ չափաբաժին ստանալու հետևանքով դիմադրողականության անկում են ունենում։

Երկրի իշխանությունները հայտնել են, որ Հնդկաստանում սնկային հիանդությունների հետևանքով մահվան դեպքերը հասել են 2109-ի։