2018-ին ժողովրդի իշխանությունը գողացան մարդիկ, որոնք չորացնող են, և հիմա լկտի ձևով ասում են՝ մենք դեռ ամեն ինչ չենք չորացրել, դեռ էլի բան կա․ պետք է բացառել նույնի շարունակությունը․ Ռոբերտ Քոչարյան

14:24 • 17.06.21

Մենք ունենք իշխանություն, որը ձախողել է ամեն ինչ, բայց որն ուզում է վերընտրվել և շարունակել մնալ իշխանության։ Բավական յուրահատուկ իրավիճակ է, և յուրահատկությունը նաև նրանում է, որ իրենք որևէ կերպ չեն փորձում հաշվետվություն տալ այս ժամանակահատվածի համար։ Այս մասին «Հայաստան» դաշինքի՝ Մարտունիում կայացած քարոզարշավին հայտարարեց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ընտրություն հաշվետվություն է՝ ինչ ես արել, ուր ես հասցրել երկիրը և ինչ խոստումներ ես տալիս հետագա զարգացման համար, մինչդեռ այժմ լրիվ ուրիշ իրավիճակ է։

«Շատ էի մտածում, թե որտեղից է գալիս այս իրավիճակը՝ քաղաքագիտական տգիտությու՞ն է, թե՞ այլ գործոններ կան։ Մի բան պարզ է՝ եթե ոչինչ չես արել, ոչ մի ոլորտում բարելավում չես գրանցել, ինչի՞ց խոսես․ պիտի մյուսներին մեղադրես, մուրճ վերցնես, «հաչես», գոռաս, «ճվաս», բայց, մյուս կողմից, իմ տպավորությամբ, սա նաև մարդկանց տեսակ է, որոնք ուղղակի հայտնվել են իշխանության ղեկին։ Մարդիկ կան, ինչին կպնում են, չորացնում են․ հետաքրքիրն այն է, որ այդ մարդիկ իրար լավ էլ գտնում են, իրար գլուխ են հավաքվում։ Հիմա այնպես է ստացվել, որ 2018-ին մեր ժողովրդին խաբեցին, մոլորեցրին և ժողովրդի իշխանությունը գողացան մի խումբ մարդիկ, որոնք չորացնող են, ու չորացրին, և հիմա լկտի ձևով ասում են՝ մենք դեռ ամեն ինչ չենք չորացրել, դեռ էլի բան կա»,-հայտարարեց Քոչարյանը։

Ըստ նրա՝ այժմ պետք է ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակն ու ուղղակի բացառել, որ ամեն ինչ չորացնող մարդկանց թիմը իրավունք ունենա շարունակել նույնը։

«Իրենք խաթարել են մեր անվտանգությունը, մեր ժողովրդին թշնամացրել են, մեկը մեկի դեմ են հանել․ այսպիսի իրավիճակ երբեք Հայաստանում չի եղել։ Ասում են՝ կարող է նրանք 20 տոկոս հավաքեն․ ես տոկոսներին չեմ նայում, գիտեմ՝ կրելու ենք, մնացածը երկրորդական է, բայց այսքանից հետո նույնիսկ 20 տոկոսը եթե գնա այս մարդկանց հետևից, ուրեմն՝ ինչ-որ մի բան մեր հասարակության հետ այն չէ, մենք ներքաղաքական առողջացղման կարիք ունենք»,-ասաց Քոչարյանը։

2018-ին ժողովրդի իշխանությունը գողացան մարդիկ, որոնք չորացնող են, և հիմա լկտի ձևով ասում են՝ մենք դեռ ամեն ինչ չենք չորացրել, դեռ էլի բան կա․ պետք է բացառել նույնի շարունակությունը․ Ռոբերտ Քոչարյան