Բայդենը Ռուսաստանին կոչ է արել մտածել Չինաստանից «կախվածության» մասին

20:27 • 17.06.21

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանին խորհուրդ է տվել մտածել՝ արդյոք անհրաժեշտ է «մեծացնել կախվածությունը» Չինաստանից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նուլանդը հինգշաբթի օրը ելույթ է ունեցել GLOBSEC-2021 միջազգային գիտաժողովում և պատասխանել է լսարանի հարցերին: Հարցերից մեկն այն մասին էր, թե ինչ դեր կխաղա Ժնևի ռուս-ամերիկյան գագաթնաժողովը Չինաստանի և Ռուսաստանի հարաբերություններում:

«Նախագահը պարզ հասկացրել է, որ Ռուսաստանը պետք է լրջորեն մտածի` արդյոք ցանկանում է մեծացնել իր կախվածությունը Չինաստանից` հաշվի առնելով Չինաստանի սպասելիքները համաշխարհային ասպարեզում»,- ասել է Նուլանդը:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի մասնակցությամբ գագաթնաժողովը տեղի է ունեցել հունիսի 16-ին` Ժնևում: