Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մեծ ընտրություն է լինելու. առողջապահության նախարար
Բնակչության զանգվածային պատվաստում սկսելու համար Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մեծ ընտրություն և բավարար քանակություն կապահովվի ամենամոտ ապագայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել է առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:
Տիկարաձեի խոսքերով՝ ընթանում է մի քանի արտադրողների հետ պատվաստանյութերի մատակարարման ակտիվ աշխատանք:
Այս կամ այն պատվաստանյութի ստացման ստույգ ժամկետները դեռ չեն նշվում, բայց նախարարը խոստացել է, որ առաջիկայում Վրաստանի քաղաքացիները պատվաստանյութերի ընտրության հնարավորություն կունենան:
«Մոտ ապագայում մենք շատ մեծ տեսականի կունենանք, և կսկսենք զանգվածային պատվաստումները: Խոսքն ինչպես Moderna-ի, այնպես Էլ Jonson&Jonson-ի և Novovax-ի մասին է: Այնպես որ մեր քաղաքացիները բավականին մեծ ընտրություն կունենան, որպեսզի որոշում ընդունեն և հոգ տանեն ինչպես իրենց առողջության, այնպես էլ ողջ հասարակության գլխավոր նպատակի՝ համավարակը պատվաստման մեթոդով հաղթահարելու մասին»,-հայտարարել է Տիկարաձեն:
Առողջապահության նախարարը նշել է պատվաստման գործընթացին ակտիվ ներգրավվածության կարևորությունը և ընդգծել, որ Վրաստանի այն տարածաշրջաններում, որտեղ դիտվել է մեծ ակտիվություն, ավելացվել են բրիգադները, և այդ գործընթացը կշարունակվի նաև ապագայում:










