ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը ծրագրում են 6-րդ սերնդի սթելս-կործանիչներ ստանալ
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) քննարկում են վեցերորդ սերնդի բազմանպատակային սթելս-կործանիչի թողարկման հնարավորությունը՝ գործողության մերձահար և հեռահար շառավիղ ունեցող վերափոխակներով, որոնք նաև կարող են գրոհել ցամաքային թիրախների վրա: Այդ մասին հայտնել են ամերիկացի զորապետերը՝ հանդես գալով Կոնգրեսի բյուջետային լսումների ժամանակ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Դրանց մասնակցել են ռազմաօդային ուժերի շտաբի պետ գեներալ Չառլզ Բրաունը և Մարտական ավիացիոն հրամանատարության ղեկավար գեներալ Մարկ Քելլին: Նրանք հայտնել են Հաջորդ սերնդի օդային գերակշռության (Next Generation Air Dominance - NGAD) գաղտնի ծրագրի առանձին մանրամասներ, որի շրջանակներում մշակվում են վեցերորդ սերնդի այդ ինքնաթիռները:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը ցանկանում են ստանալ մեծ հեռահարությամբ և մարտական բեռնվածությամբ ծանր կործանիչի տարբերակը՝ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գործողությունների համար և փոքր հեռահարությամբ ու մարտական բեռնվածությամբ թեթև կործանիչի տարբերակը՝ Եվրոպայում գործողությունների համար: Դրանք պետք է լինեն բազմանպատակային, որոնք կարող են օդային մարտ մղել և հարվածներ հասցնել ցամաքային թիրախներին:
Բրաունի խոսքով՝ NGAD կործանիչները պետք է «համակարգերի համակարգ» լինեն որպես ինքնաթիռ, որը կատարում է օդային գերակշռության առաջադրանքներ: Կործանիչները պետք է կարողանան մտնել այսպես կոչված A2/AD - Anti-Access/Area-Denial շրջաններ (բարձր վտանգավորության գոտիներ, որտեղ ՆԱՏՕ-ի զորքերը չեն կարող թափանցել առանց նրանց համար անընդունելի վնասի՝ նույնիսկ ուժերի գերազանցության դեպքում)՝ ճեղքել-անցնելով հակաօդային պաշտպանության բոլոր համակարգերը, ոչնչացնելով հակառակորդի օդուժը և կարևորագույն թիրախները:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը գերգաղտնիության պայմաններում արդեն մշակել, կազմակերպել և անցկացրել են վեցերորդ սերնդի հեռանկարային կործանիչի առնվազն մեկ նախատիպի թռիչքային փորձարկումներ, անցյալ տարվա սեպտեմբերին հայտնել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գնումների, տեխնոլոգիաների և լոգիստիկայի գծով վարչության պետ Ուիլ Ռոփերը: Նա հրաժարվել է հայտնել, թե ռազմաօդային ուժերը որքան շուտ կարող են սկսել նոր սերնդի կործանիչների արտադրությունը, ասելով միայն, որ այն կարող է գործարկվել «բավականին արագ»: Ամերիկացի զինվորականները հրաժարվում են հայտնել նոր կործանիչի նույնիսկ ընդհանուր տակտիկա-տեխնիկական տվյալները:










