Կիևը չի կարող կատարել Մինսկի համաձայնությունները ներկա տեսքով, բայց դրանք չեղարկել ևս չի պատրաստվում. Ուկրաինայի ԱԽ քարտուղար

05:18 • 18.06.21

Ուկրաինան չի կարող կատարել Մինսկի համաձայնությունները ներկա տեսքով, բայց դրանք չեղարկել ևս չի պատրաստվում, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը:

«Եթե խոսենք մինսկյան համաձայնություններից այն տեսքով, ինչպես որ կան այժմ, դա լիակատար աբսուրդ  է»,- ասել է ուկրաինացի պաշտոնյան:

Դանիլովի խոսքով՝ Կիևն անհրաժեշտ է համարում փոփոխել համաձայնությունների այն դրույթները, որոնք իրականություն չեն դառնում:

«Մենք դրանք չեղյալ հայտարարել չենք կարող, ուրիշ համաձայնություններ չկան էլ: Աշխատելու ենք այն ամենի վրա, ինչ ունենք, և կշարունակենք բանակցությունները»,- ասել է Դանիլովը:

Դոնբասում առկա հակամարտության լուծման բանակցային հենքը Մինսկի համաձայնություններն են, որոնք ենթադրում են կրակի դադարեցում, սպառազինությունների ետ քաշում, համաներում, տնտեսական կապերի վերականգնում, բայց և Ուկրաինայում սահմանադրական խորքային փոփոխությունների իրականացում, որի արդյունքում պետք է իշխանությունը ապակենտրոնացվի՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջաններին հատուկ կարգավիճակի տրամադրմամբ: