Իսրայելի՝ Գազայի հատվածին սահմանակցող շրջաններում օդային տանգապի ազդանշան է միացվել

02:26 • 18.06.21

Իսրայելի՝ Գազայի հատվածին սահմանակցող շրջաններում օդային տանգապի ազդանշան է միացել՝ զգուշացնելով բնակչությանը պաղեստինյան կողմից հնարավոր հրթիռակոծության մասին, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի մամլո հաղորդագրությանը:

Ավելի վաղ՝ հունիսի 16-ին, իսրայելական օդուժի կործանիչները ավիահարվածներ էին հասցրել Գազայի հատվածում պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան դեպի Իսրայելի տարածք այրվող նյութերով ու պայթուցիկներ կրող օդապարիկներ արձակելուն:

«Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է ցանկացած սցենարի, այդ թվում՝ ռազմական գործողությունների վերսկսմանը՝ ի պատասխան Գազայի հատվածից ահաբեկչական խմբավորումների գործողություններին»,- հայտարարել էր Իսրայելի ռազմական գերատեսչությունը:

Իսրայելի պետական «Kan» ռադիոկայանը հայտնել էր, որ իսրայելական հարձակումը առաջինն է մայիսի 21-ից ի վեր պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո:

Բացի այդ, Հորդանան գետի արևմտյան ափին, ինչպես նաև՝ Գազայի հատվածում Իսրայելի ոստիկանական ուժերի հետ տեղի ունեցած բախումների ժամանակ առնվազն 87 պաղեստինցի էր տուժել: Մինչ այդ Երուսաղեմի Հին քաղաքում հրեա ակտիվիստները ազգային դրոշներով երթ էին իրականացրել, որից հետո Իսրայելի բանակը «Երկաթյա գմբեթ» ՀՕՊ համակարգերը մարտական պատրաստության աստիճանի էր բերել ողջ երկրում և լրացուցիչ ստորաբաժանումներ ուղարկել Հորդանան գետի Արևմտյան ափ՝ տեղում կարգ ու կանոն պահպանելու վերաբերյալ: Միաժամանակ պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ը համընդհանուր մոբիլիզացիա էր հայտարարել Գազայի հատվածում՝ Երուսաղեմում կայանալիք հրեական շքերթը կանխելու նպատակով:

Մայիսի 21-ից Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների միջև հրադադար էր հաստատվել: